«Համալսարանները պետք է աշխատեն իրենց որակի վրա». Տիգրան Ավինյանը և Գոռ Վարդանյանը մեդալները հանձնեցին Պոլիտեխնիկի սաներին
Վերջերս Ուզբեկստանում տեղի է ունեցել 9-րդ դարի խոշորագույն միջնադարյան գիտնականներից մեկի՝ մաթեմատիկոս և աշխարհագրագետ Ալ Ֆերգանի անվան ֆիզիկայի միջազգային օլիմպիադան։
Մրցույթին մասնակցել են 19 երկրների 127 աշակերտներ: Պոլիտեխնիկի ավագ դպրոցի սաները նվաճել են 5 մեդալ՝ մեկ արծաթ և 4 բրոնզ։
ՀԱՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանը նշեց, որ իր համար մեծ պատիվ է մրցանակային մեդալները հաղթողներին հանձնելը։ Նա շատ տպավորիչ համարեց այն փաստը, որ Հայաստանի 5 մասնակիցներն էլ մեդալների են արժանացել։
«Պոլիտեխնիկակակն համալսարանն ունի շատ երկար և բովանդակալից պատմություն։ Ես վստահ եմ, որ հիմա մտնում է մի նոր ու հետաքրքիր փուլ՝ զարգացման ու տեխնոլոգիաներով հագենալու փուլ։ Կարծում եմ՝ այս գործում մեծ ավանդ է ունենալու ռեկտորը՝ Գոռ Վարդանյանը։ Մարդ, որն ունի տեսլական և կարողություն՝ մեծածավալ փոփոխություններ իրականացնելու համար, որոնց մենք շուտով ականատես ենք լինելու»,-նշեց նա։
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանն իր խոսքում նշեց, որ թիմին առաջարկել են ընտրել մասնակցության ձևաչափը։ Մասնակիցները կարող էին մեկնել Ուզբեկստան, կամ էլ առնանց մասնակցել օլիմպիադային։ Օլիմպիկան թիմը որոշել էր առցանց մասնակցել, իսկ թռիչքի համար նախատեսված գումարները որպես պարգև նրանց հանձնվեցին։
«Ինչպես նշեց պարոն Ավինյանը՝ ծրագրերը շատ մեծ են և դրանց իրականացման գործում Հոգաբարձուների խորհրդի նախագահի և անդամների աջակցությունն ենք տեսել։ Համոզված եմ, որ այս ծրագրերի հիմնական և բովանդակային շահառուները լինելու են աշակերտները»,-նշեց Վարդանյանը։
Արծաթե մեդալակիր Արտաշես Մկրտչյանը, բրոնզե մեդալակիրներ Արմեն Եպիսկոպոսյանը, Գևորգ Զադոյանը, Գրիգոր Հովհաննիսյանը, Հովսեփ Կարապետյանը ստացան իրենց մրցանակները։
Ռեկտորը պարգևատրեց նաև Պոլիտեխնիկի ավագ դպրոցի տնօրեն Ալֆրեդ Պետրոսյանին և փոխտնօրեն Խաչիկ Մանուկյանին։
Լրագրողների հետ զրույցում Ավինյանը նշեց, որ մրցանակները մեծ ձեռքբերում են համալսարանի համար այն փոփոխությունների շեմին, որոնք համալսարանում տեղի են ունենալու։ Նրա կարծիքով՝ հնարավորություն կա էականորեն բարելավելու համալսարաններում տրվող կրթության մակարդակը։
«Համալսարանները պետք է աշխատեն իրենց որակի վրա։ Պոլիտեխնիկական համալսարանում մեր առաջնահերթությունն ենք համարում որակի վրա աշխատելը։ Վստահ եմ, որ կարճ ժամանակում մենք այդ արդյունքները գրանցելու ենք»,-ասաց Ավինյանը
Նա նշեց նաև, որ հիմա աշխատանք է տարվում դասախոսական կազմի աշխատավարձերի բարձրացման ուղղությամբ։
Գոռ Վարդանյանի խոսքով, որպես փոքր պետություն, Հայաստանը իր հաջողությունը կապել է գիտելիքի և դրա տված արդյունքի հետ։ Հայաստանից ուսանողների հոսքը կանգնեցնելու կամ դանդաղեցնելու համար, ռեկտորի կարծիքով, կրթական համակարգերը պետք է բերվեն պատշաճ մակարդակի և միջազգային կրթական հաստատություններից դասախոսներ ներգրավվեն հայկական կրթական իրականություն։
«Պետք է ստեղծենք այդ հնարավորությունները մեր հայրենիքում։ Այդ ժամանակ վստահ եմ, որ շատ երիտասարդներ կընտրեն հայրենիքում կրթվելու ճանապարհը։ Պետք է ձգտել հայկական իրականության մեջ կրթական հաստատությունները ուժեղացնելուն, հզորացնելուն և դրանք համապատասխանեցնել միջազգային կրթական ստանդարտներին»,-ասաց համալսարանի ռեկտորը։