Դոնբաս մեկնելու և Ռուսաստանի զինված ուժերի կազմում կռվելու պատրաստակամությամբ «Հայոց արծիվներ» ջոկատը դիմել է Պուտինին. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է
Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության հատուկ գործողության սկզբից ի վեր Հայաստանում մի քանի անհատներ ու կազմակերպություններ հայտարարել են ՌԴ ԶՈւ կազմում այդ գործողությանը մասնակցելու պատրաստակամության մասին:
Սակայն միակ կառույցը, որն իր որոշմանը տվել է պաշտոնական ընթացք, «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունն է՝ վերջինիս ղեկավար, «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր, գնդապետ Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ, որը նաև «Հայոց Արծիվներ» կամավորական ջոկատի հրամանատարն է: Հիշեցնենք, որ այս ջոկատն իր ակտիվ մասնակցությունն է ունեցել 2020 թվականի 44-օրյա պատերազմին:
Հիմա ջոկատը պատրաստ է մեկնել Դոնբաս և, ինչպես կուսակցության հայտարարության մեջ է նշվում, «Հայաստանի ու Արցախի արտաքին անվտանգության միակ երաշխավոր, Հայաստանի ռազմավարական բնական միակ դաշնակից Ռուսաստանի զինված ուժերի կազմում կռվել ՆԱՏՕական արևմուտքի, ինչպես նաև 44-օրյա պատերազմի ժամանակ Հայաստանի ու Արցախի թշնամի Ադրբեջանին պաշտոնապես ռազմատնտեսական ու բարոյական աջակցություն ցուցաբերած Ուկրաինայի նացիստական իշխանությունների դեմ՝ պաշտպանելով Ռուսաստանի, Դոնբասի և Ուկրաինայի քաղաքացիներին ու բնակիչներին»:
«Փաստ» թերթի տեղեկություններով, «Հայոց Արծիվներ» կամավորական ջոկատը Դոնբաս մեկնելու թույլտվություն ստանալու համար պաշտոնական նամակով դիմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: Մեր աղբյուրների փոխանցմամբ, օրեր առաջ պաշտոնական նամակը Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը Ասրյանը հանձնել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Թե ինչ պատասխան են ստացել, երեկ մեզ ճշտել չհաջողվեց:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում