Իշխանությունները չեն թույլատրել պրոռուսական միջոցառումը` փոխարենն արտոնելով հակառուսականը. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է
Երկու անձ օրեր առաջ դիմել էին Երևանի քաղաքապետարան` Ազատության հրապարակում ապրիլի 3-ին միջոցառումներ կազմակերպելու հայտերով։ Մեր ձեռքի տակ է հայտնվել Երևանի քաղաքապետարանում կազմված մի արձանագրություն, որում ուշագրավ ձևակերպումներ են տեղ գտել։ Նշված օրը հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի առթիվ զանգվածային միջոցառում և համերգային ծրագիր կազմակերպելու հայտը ներկայացրել էր օրերս պրոռուսական երթ կազմակերպած Աշոտ Գալստյանը, որը «Ալյանս» կուսակցության վարչության անդամ է , իսկ մյուս հայտ ներկայացնողը «Ազգային ժողովրդավարական բևեռի» ներկայացուցիչն է: Այսպիսով, քաղաքապետարանում եզրակացրել են, որ քանզի «Ալյանսը» Ռուսաստանը համարում է ռազմավարական գործընկեր, իսկ «Բևեռը» ընդգծված հակառուսական քաղաքականություն է վարում, ապա այդ երկու հավաքների արդյունքում կարող են լինել բախումներ։
Ըստ այդմ, որոշել են թույլ չտալ Աշոտ Գալստյանի նախաձեռնած միջոցառումը, որը պետք է տեղի ունենար որպես համերգային ծրագիր՝ բեմահարթակի, հնչյունային և լուսային տեխնիկայի տեղադրմամբ և Հայաստանից ու Ռուսաստանից հրավիրված աստղերի մասնակցությամբ։ Այսինքն, խոսքն իրականում զուտ մշակութային միջոցառման մասին է՝ նվիրված ՀՀ և ՌԴ միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին: Սա իշխանությունները չեն արտոնել։ Փոխարենը, «ի գիտություն են ընդունել» «Բևեռի» կազմակերպելիք ակցիան, որը զուտ քաղաքական է՝ ընդդեմ ՌԴ-ի: Հաշվի առնելով, որ այս իշխանությունների օրոք ամենաչնչին որոշումն անգամ չի կարող ընդունվել առանց ամենավերին «էշելոնների» իմացության, պետք է ենթադրել, որ այս որոշումն էլ է «վերին ատյանների» հետ համաձայնեցրած:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում