ՌԴ զորքերը խոցել են 4 ԱԹՍ. ինչ է կատարվել գիշերը
ՌԴ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ այսօր առավոտյան օդային և ցամաքային հրթիռները ոչնչացրել են վառելիքի 5 բազա Ռադեխովի, Կազատինի, Պրոսյանոյի, Նիկոլաևի և Նովոմոսկովսկի շրջաններում, որտեղից ուկրաինական զորքերը մատակարարվել են Խարկովի, Նիկոլաևի և Դոնբասի շրջաններում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
Նշվում է, որ գիշերը ռուսական ավիացիայի և հրթիռային զորքերը խոցել են Ուկրաինայի 24 ռազմական օբյեկտներ, այդ թվում՝ Osa-AKM զենիթահրթիռային համակարգը, 5 նյութատեխնիկական պահեստը, ինչպես նաև ուկրաինական զորքերի ռազմական տեխնիկայի կենտրոնացման 11 հենակետեր և տարածքներ։
«Ռուսական հակաօդային պաշտպանությունը օդում խոցել է ուկրաինական 4 անօդաչու թռչող սարք Բերդյանսկի, Գորնյակի, Ուվանսկու և Չեռնոբաևկայի տարածքներում»,-նշել է գերատեսչության ներկայացուցիչը։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։