Աֆղանստանում պայթյունի հետեւանքով 8 երեխա է մահացել
Աֆղանստանի Գազնի նահանգում տեղի ունեցած ռումբի պայթյունի հետեւանքով առնվազն 8 երեխա է մահացել, հայտնում է Khaama Press գործակալությունը:
Պայթյունը տեղի է ունեցել Մուքուր շրջանում տեղական ժամանակով 8:00-ին: Նահանգի կառավարության մամուլի ծառայության տեղեկացմամբ՝ պայթյունի հետեւանքով մահացել է 8 երեխա, եւս երկուսը տուժել են: Հաղորդվում է, որ խաղալիս երեխաները պատահաբար գործողության մեջ են դրել ինքնաշեն պայթուցիկ սարքը, որը տեղադրել էին «Թալիբան» արմատական շարժման զինյալները:
Աֆղանստանում դիմակայություն է ընթանում կառավարական ուժերի եւ «Թալիբան» արմատական շարժման զինյալների միջեւ, որը նախկինում երկրի գյուղական շրջաններում զգալի տարածքներ էր տնօրինում եւ հարձակումներ ծավալում խոշոր քաղաքների վրա: Աֆղանստանի պաշտպանության եւ անվտանգության ուժերը ամբողջ երկրում ահաբեկչության դեմ պայքարի համատեղ գործողություններ են անցկացնում: