Ինչ տեղի կունենա, եթե ընդդիմադիր խմբակցությունները վայր դնեն մանդատները
Եթե Ազգային ժողովի ընդդիմադիր երկու խմբակցությունների պատգամավորները իրենց մանդատները վայր դնեն, ոչինչ տեղի չի ունենա։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։
«Չի կարող որևիցե պատգամավորի կամ փոքրամասնության վարքագծի պատճառով խորհրդարանի բնականոն գործունեությունը խաթարվել։ Դա լավագույն լուծումը չէ, դա լուծում է, որը որոշակի առումով համահունչ չէ ժողովրդավարական զարգացումներին, բայց դրան ոչինչ չպետք է հետևի։ Պատկերացրեց, օրինակ՝ փոքրաթիվ խմբակցությունը դուրս է գալիս ԱԺ-ից, և սա հանգեցնում է խորհրդարանի լուծարմանը կամ արձակմանը։ Սա նշանակում է, որ անընդհատ կարող ենք ունենալ պերմանենտ ճգնաժամեր, որոնք որևիցե կերպով չեն համապատասխանում խորհրդարանական կառավարման մոդելի առանձնահատկություններին»,- ասաց Վարդանյանը։
Պատգամավորի խոսքով՝ Ազգային ժողովի դահլիճը ընդդիմության հետ երկխոսության դահլիճն է։ «Խորհրդարանական քննարկումների համար նախատեսված դահլիճները ստեղծվել են երկխոսություն ծավալելու համար։ Սա է այն տեղը, որտեղ կարելի է ծավալել երկխոսություն»,- ասաց Վարդանյանը։