Արմինե Ճաղարյանի ամուսինը հայտարարություն է տարածել
«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Ճամպրուկս ու ես» հաղորդման վարող Արմինե Ճաղարյանի ամուսինը, Վահե Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հարգելիներս,
Կնոջս` Արմինե Ճաղարյանի հոգեհանգիստը տեղի կունենա Կոնդի սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում մայիսի 11-ին, 18:00-21:00, Կոզերնի փ 19»,- գրել է նա։
Նշենք, որ մայիսի 9-ին, փրկարարները Դեբեդ գետից դուրս էին բերել հաղորդավարուհի Արմինե Ճաղարյանին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել էր Ալավերդու ԲԿ-ում, որտեղ արձանագրվել էր վերջինիս մահը։
Ավելի վաղ «M.A.M educational movement»-ը հայտարարություն էր տարածել, որում նշվում է.
«Այսօր «M.A.M educational movement»-ի ամբողջ անձնակազմը սգում է մեր սիրելի գործընկերուհի Արմինե Ճաղարյանի անժամանակ ու ողբերգական մահը։
Արմինեն եղել է մեր շարժման ջատագովներից մեկը, կանգնած է եղել մեր ծրագրի ստեղծման, իրականացման ու կայացման հիմքում, իր զիլ ու խելահեղ գաղափարներով հարստացրել ու ամբողջացրել է մեր հարթակը, հաղորդել նրան Արմինեական վառ ու չկրկնվող երանգներ։
Մեր սիրելի՛ Արմինե՝ բացառիկ լավատեսությամբ ու կենսասիրությամբ օժտված մարդ, անչափ բարի ու նրբանկատ ընկեր, անսահման գեղեցիկ ու նրբաոճ, նորաձև ու ժամանակակից աղջիկ, դու մշտապես քայլում էիր ժամանակին համընթաց, իսկ այս անգամ, ցավոք, ժամանակից առաջ ընկար։
Աստված հոգիդ լուսավորի, մեր սիրելի՛ ընկեր։
Մենք շարունակելու ենք անել այն գործը, որին դու այդքան հավատով ու սիրով էիր ծառայում։
Մեր խորին ցավակցությունն ու վշտակցությունն ենք փոխանցում Արմինեի ծնողներին, եղբորը, ամուսնուն, նրա բոլոր հարազատներին և ընկերներին»։