Հատուկ հրահանգավորված ռեպրեսիաներ. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է
Իրավապահ համակարգում պարգևավճարներ բաժանելու մասին տեղեկությանը համընթաց վերջին երկու օրերին անհնազանդության ակցիաների մասնակիցների նկատմամբ ոստիկանական ուժերի բիրտ գործողություններն ավելի մոլեգին ձև ստացան: Ավելին, բերման են ենթարկվում, ձերբակալվում ռեկորդային թվով քաղաքացիներ: Փաստաբան Երվանդ Վարոսյանը կարծում է, որ սրանք պարզ քաղաքական ռեպրեսիաներ են քաղաքական այլախոհների նկատմամբ՝ իշխանությունն ամեն կերպ պահելու նպատակով:
«Ինչ վերաբերում է ռեպրեսիաների արտահայտչաձևերին՝ բիրտ ուժի կիրառմանը, հատուկ կերպով մարդկանց գետնին տապալելուն, ասֆալտով քաշ տալուն, ձեռքերը կոտրելուն և այլնին, ապա ակնհայտ է, որ դրանք հատուկ հրահանգավորված են»,«Փաստի» հետ զրույցում ասում է Վարոսյանը՝ հավելելով, որ մենք չենք տեսել այս աստիճանի ռեպրեսիաներ:
«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ այս պայքարի շարունակությունը կա՛մ պետք է գնալով շատ արագ ուժեղանա ու ավելի շուտ արդյունքի հասնի, կա՛մ պայքարը պետք է շարունակվի այնքան ժամանակ, մինչև հնարավոր դառնա խնդիրը լուծել, որովհետև այլ պարագայում պարտություն է լինելու:
«Եթե պայքարը ռեպրեսիաներով և այլ ձևերով փորձեն ճնշել, և այդպես պայքարը մարի, ներքին կյանքում ունենալու ենք ռեպրեսիաներ, շատ մարդկանց կարող են ձերբակալել, ինչ-որ գործեր սարքել և այլն»,- ասաց Պողոսյանը և նշեց, որ եթե այս իշխանությունը շարունակի մնալ, մենք ոչ թե զիջումներ, այլ նոր պարտություններ ենք ունենալու:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում