Ի՞նչ «մեսիջներ» է ուղարկում Ավետիք Չալաբյանը
Նախօրեին «Արար» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանի փաստաբանական խումբը լրատվամիջոցներին է ներկայացրել գործչի հոդվածը՝ գրված կալանավայրում: Հոդվածը բավական ուշագրավ արձանագրումներ և «մեսիջներ» է պարունակում: Ի մասնավորի, առաջին հերթին Չալաբյանը շեշտում է, որ հանրային դիմադրությունն աստիճանաբար թափ է հավաքել և ակնհայտ է դարձրել, որ Նիկոլ Փաշինյանի՝ իշխանությունից հեռանալն ընդամենը ժամանակի և ձևաչափի հարց է։
Նշելով, որ Փաշինյանը մանևրում է օտարերկրյա պատվիրատուների անթաքույց հարկադրանքի, և երկրի ներսում տարածվող անհնազանդության միջև՝ Ա. Չալաբյանը արձանագրում է, որ այս երկու բևեռների միջև «Փաշինյանը փորձելու է դեռ մանևրել, և իրեն հատուկ ոճով փորձել «ֆռռացնել» յուրաքանչյուրին, բայց ի վերջո, նրա խաղի վախճանն արդեն երևում է, և կարող է ամեն պահի վրա հասնել ցանկացած կտրուկ իրադարձության արդյունքում»։ «Իրական ընտրությունն ուստի ոչ թե Փաշինյանի մնալու և գնալու միջև է այսօր, այլ նրա հեռանալուց հետո Հայաստանի ընտրած ուղու»,-գրում է քաղաքական, հասարակակն գործիչն ու հավելում, որ այսօր պետք է կենտրոնանալ այն հարցի վրա, թե ինչ է տեղի ունենալու Փաշինյանից հետո, և որոնք են այն արմատական փոփոխությունները, որոնք մենք պետք է մտցնենք մեր կյանքում, որպեսզի դուրս գանք պատմական ձախորդությունների անվերջ կրկնվող այս շրջափուլերից, և ի վերջո կառուցենք հարատևող և կենսունակ պետականություն։
Սա չափազանց կարևոր շեշտադրում է այն տեսակետից, որ հիմա շատ է խոսվում այն մասին, թե ով է լինելու երկրի ղեկավարը Փաշինյանի հեռանալուց հետո:
Չալաբյանը նաև գրում է, որ հայության պայքարի ներուժն այսօր բոլորովին էլ սպառված չէ, և հայությունը Հայաստանում, Արցախում և Սփյուռքի հայաստանակենտրոն համայնքներում ունակ է առնվազն նոր կռիվ տալ և կանգնեցնել թեկուզ առժամանակ հայկական պետության կազմաքանդման սկիզբ առած ընթացքը և ժամանակ շահել կենսականորեն անհրաժեշտ փոփոխությունների համար։
Այնուհետ թվարկվում են այն փոփոխությունները, որոնք անհրաժեշտ են՝ վերականգնելու Հայաստանի աշխարհաքաղաքական դերն ու կշիռը և ոստքի կանգնեցնելու երկիրը: Այս տեսանկյունից Չալաբյանի հոդվածը ծրագրային դոկտրինի յուրատեսակ հիմք կարելի է համարել:
Չալաբյանը շեշտադրում է երեք կարևորագույն գործոն՝ Հայաստանի (ներառյալ Արցախը) բնակչության աճ, Հայաստանի տնտեսության արմատական վերակառուցում, հայկական բանակի հզորացում:
«Մեր իրական ընտրությունը ծույլ ու հարմարվող իներցիայով դեպի իր վախճանը գլորվող Հայաստանի միջև է և Հայաստանի, որն ի մի է բերում իր ողջ ստեղծարար պայքարի ներուժն ու առաջիկա տասնամյակներին լծվում է ծանր աշխատանքի և պայքարի սեփական հարատևությունն ապահովելու համար։ Այսօր Հայաստանի փողոցներ դուրս եկած հանրությունը պետք է կատարի այս վճռական ընտրությունը, և ոչ միայն հեռացնի պարտվողական և թուլամորթ իշխանությանը, այլև անձնական և կոլեկտիվ ընտրությամբ պատրաստ լինի առաջիկա տարիների ընթացքում վճռական գործերով, պայքարով և պատասխանատու առաջնորդությամբ կերտել մեր երազանքների ուժեղ և հարատևող հայկական միասնական պետությունը»,- հոդվածն ավարտել է Ավետիք Չալաբյանն ու նշել, որ առաջիկայում հանդես կգա նոր հոդվածներով, որտեղ առավել մանրամասն կներկայացվեն վերոնշյալին հասնելու ճանապարհներն ու այն, թե ինչպես այս ամենն իրականություն դարձնել:
Արման Գրիգորյան