Ավետիք Չալաբյանն ապօրինության զոհ է. Էդգար Ղազարյան
Հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանը կշարունակի մնալ կալանավորված։ Օրերս վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, մերժեց Ավետիք Չալաբյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշման դեմ պաշտպանների բողոքը՝ անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի որոշումը։
Հասարակական գործիչ, դիվանագետ, ՀՀ սահմանադրական դատարանի նախկին աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանի համոզմամբ՝ Չալաբյանի ձերբակալությունը և կալանքը բացարձակապես որևէ իրավական հիմք չունեն.
«Հակառակը, ըստ էության, Չալաբյանն ապօրինության զոհ է, որովհետև նրան գաղտնալսել են՝ իր կամքից անկախ, առանց իրեն տեղեկացնելու, ընդ որում՝ գաղտնալսման հետևանքով իրականացվել են նյութերի մոնտաժ, ապօրինի տարածում և ստեղծել են մի ապօրինի գործ, որը հետո նրա համար դարձել է մեղադրանք: Եվ դա պայմանավորված է նրա հասարակական-քաղաքական ակտիվ գործունեությամբ:
Ես կարծում եմ, որ վերաքննիչ դատարանի՝ Առաջին ատյանի կալանավորման որոշումն անփոփոխ թողնելը վկայում է այն մասին, որ իշխանությունները հստակ հանձնարարություն են տվել դատական իշխանությանը: Չմոռանանք նաև, որ այն հոդվածը, որն առաջադրվել է Չալաբյանին, հուլիսի 1-ից՝ նոր քրեական օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո, նույնիսկ նման հանցատեսակ առհասարակ գոյություն չի ունենալու և նա իրավունքի ուժով է ազատ արձակվելու: Բայց եթե հաշվի առնենք, որ վերաքննիչ բողոքը քննում էր իշխանությունների «սրտի» դատավորը, ով թողեց նրան կալանքի տակ, կօգտագործեն առավելագույն ժամկետը՝ նրան անազատության մեջ պահելու համար»,- 1or.am-ի հետ զրույցում ասաց Ղազարյանը:
Մարիամ Նալբանդյան