Վերականգնվող էներգետիկան Հայաստանում ունի զարգացման մեծ ներուժ
Հայաստանը արդեն երկար տարիներ գործուն քայլեր է իրականացնում վերականգնվող էներգետիկայի՝ մասնավորապես արևից ստացվող էլեկտրաէներգիայի ոլորտը բարելավելու, զարգացնելու ուղղությամբ: Արևային օրերի քանակը մեր երկրում զգալիորեն շատ է՝ համեմատած եվրոպական երկրների հետ:
«Հանրապետության տարածքի մեկ քառորդն օժտված է 1850 կՎտժ/մ2 տարի ինտենսիվությամբ արևային էներգիայի պաշարներով: Սա հնարավորություն է տալիս արևային կայանների տեղադրման միջոցով ստանալ ավելի մատչելի էլեկտրականություն՝ պաշտպանելով շրջակա միջավայրը: Կանաչ տնտեսության օրակարգը Հայաստանում օր օրի ավելի է ամրապնդվում և կայունանում: Բացի դա՝ բազմաթիվ խոշոր բիզնես նախագծեր արդեն օգտվում են արևային ֆոտովոլտային կայանների արտադրած էլեկտրականությունից: Արդյունավետության մասին խոսելիս անհրաժեշտ է ընդգծել, որ Հայաստանի կառավարությունը բազմաթիվ մեգանախագծեր է իրականացնում խոշոր արևային կայանների տեղադրման ուղղությամբ:
Առաջ անցնելով՝ կարող եմ արձանագրել, որ, այո, Հայաստանում արևային էներգիայից օգտվողների թիվը կայուն աճ է գրանցում, դա անգամ կարելի է անզեն աչքով տեսնել: Հայաստանում արդեն գործում են բազմաթիվ արևային ֆոտովոլտային կայաններ տեղադրող կազմակերպություններ: Սրանից բացի, Հայաստանում արևային վահանակներ արտադրող կազմակերպություններ են գործում, որոնցից միայն մեկն է իր արտադրանքն արտահանում Եվրոպա և ԱՄՆ: Սա բավականին լուրջ ցուցանիշ է, երբ Հայաստանում ներդրում կատարվում է ոչ միայն կայանների տեղադրման ոլորտում, այլև կայանի բաղադրիչների արտադրություն է կազմակերպվում: Մեր քաղաքացիներն ավելի հաճախ են նախընտրում օգտվել արևային կայանների արտադրած էլեկտրաէներգիայից կամ արևային ջրատաքացուցիչներից: Արևային ֆոտովոլտային կայանների տեղադրումն այսօր ավելի մատչելի է դարձել և կարելի է ասել, որ միտում կա այն համատարած դարձնելու ուղղությամբ»,- 1or.am-ի հետ զրույցում ասաց փորձագետը:
Մեր հարցին, թե պետական մակարդակով իրականացվող աշխատանքներն այս ուղղությամբ որքանո՞վ են արդյունավետ, Դավթյանը պատասխանեց.
«Պետությունը, իհարկե, բարենպաստ դաշտ ստեղծում է՝ արևային էներգիայի օգտագործման տարածումը խթանելու հարցում: Կառավարությունը վերջերս արևային կայաններ տեղադրող ընկերություններից մեկին բավարարել է ներկայացրած հայտը՝ հաշվի առնելով, որ ընկերությունը պատրաստվում է գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծել տեխնոլոգիական սարքավորումներ, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասեր՝ արևային վահանակների ալյումինե շրջանակներ արտադրելու համար:
Այս ամենով հանդերձ իրականացվում են նաև քայլեր, որոնք արևային էներգետիկայի ոլորտում այդքան էլ շահավետ չեն՝ գործունեություն իրականացնողների համար: Մասնավորապես՝ մայիսի 1-ից գործողության մեջ է մտել ՀՀ էներգետիկայի մասին օրենքում կատարված փոփությունների մասին օրենքը, որը վերաբերում է արևային կայանների շահագործմանն ու կայանների հզորությունների փոփոխությանը: Նախկին 500 կՎտ-ի փոխարեն այժմ լիցենզավորման ենթակա է 150կՎտ հզորություն ունեցող կայանները: Օրենքի այս փոփոխություններում առկա են օրենսդրորեն չկարգավորված մասեր: Սակայն այս հարցի ավելի մանրամասն պարզաբանումներն ու կարգավորումների մասին խոսելը թողնենք իրավաբաններին: Այնուամենայնիվ պետք է փաստել, որ վերականգնվող էներգետիկան Հայաստանում ունի զարգացման մեծ ներուժ, և պետությունը պետք է ավելի ակտիվ շարունակի այդ ուղղությանը աջակցել»:
Մարիամ Նալբանդյան