Մեր պարտքն է հասնել իրավունքի և օրենքի գերակայության. Ալեն Սիմոնյանի ուղերձը
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առթիվ: Դրանում ասված է.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ Սահմանադրության օրվա կապակցությամբ: Մայր օրենքով երաշխավորված իրավունքներն ու ազատությունները Հայաստանի Հանրապետության քաղաքացու հիմնական անցաթուղթն են:
Դրանց կյանքի կոչումն ու իրացումը մեր պետության հիմքն ու ժամանակակից աշխարհում սեփական դիմագիծն ունենալու երաշխիքներն են:
Մեր պարտքն է հասնել իրավունքի և օրենքի գերակայության, ինչը Հայաստանի ժողովրդավարության այն նշաձողն է, որին մեր ամենօրյա աշխատանքով պետք է մոտենանք ժամ առ ժամ:
Հայաստանյան հասարակությունն իր գործողություններով ապացուցել է, որ մերժում է սահմանադրական կարգի դեմ ուղղված ոտնձգությունները, ինչը կարևոր ցուցիչ է` հասկանալու, որ ճիշտ ճանապարհին ենք:
Եւս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս Սահմանադրության օրվա առթիվ, մաղթում եմ, որ սահմանադրական նորմերը կայուն տեղ ունենան հանրային ընկալումներում և առօրյա կյանքում»: