Տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է
Աշտարակում «Յունիբանկի» մասնաճյուղում տեղի ունեցած պայթյունից հետո Այրվածքաբանության ազգային կենտրոն է դիմել 4 տուժած, նրանք բոլորը վերակենդանացման բաժանմունք են տեղափոխվել, մեկի վիճակը ծանր է, մոտ 40 տոկոս մակերեսով այրվածքներ ունի: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Այրվածքաբանության ազգային կենտրոնի բուժական գծով փոխտնօրեն Կարինե Բաբայանը:
«Առաջին աստիճանի այրվածքներ չկան, հիմնականում 2-րդ, 3-րդ և 4-րդ աստիճանի այրվածքներ են, որովհետև անմիջապես բոցը խփել է դեմքին և վերին վերջույթներին: Մյուս հիվանդները 15-20-25 տոկոս մակերեսով այրվածքներ են ստացել: Հիմնական հիվանդների ախտանշաններից ամենակարևորը ինհալացիոն այրվածքներն են, այսինքն՝ շնչուղիների այրվածքները: Փակ տարածքում կրակ է եղել, հետևապես բոցի հետևանքով տեղի է ունենում վերին շնչուղիների այրվածք: Ավելի քիչ այրվածքներ ունեցողներին կհետևենք վերակենդանացման բաժանմունքում, տեսնենք, եթե այլ բարդություններ չլինեն, հնարավոր է 1-2 օրից նրանց տեղափոխենք այրվածքաբանության ազգային կենտրոնի այրվածքային բաժանմունք, մյուսները ավելի երկար կմնան, որովհետև նրանց վիճակը գնահատվում է ծանր։ Իրականում բոլորի վիճակն է ծանր համարվում՝ հաշվի առնելով ինհալացիոն այրվածքները»,-ասաց նա:
Բժշկի խոսքով՝ ծանր վիճակում գտնվողը երիտասարդ տղամարդ է՝ 33-34 տարեկան։ Նա տեղեկացրեց, որ 4 հիվանդներից մեկը կին է, երեքը՝ տղամարդ, տղամարդկանցից մեկը բանկի հաճախորդ է:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2022թ. հուլիսի 6-ին «Յունիբանկ» ԲԲԸ-ի Աշտարակի մասնաճյուղում պայթյուն է տեղի ունեցել ժամը 09:03-ի սահմաններում, նախնական տվյալներով, գազի արտահոսքի հետևանքով, ինչի արդյունքում աշխատակիցներից յոթը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որոնցից մեկը հիվանդանոցում մահացել է: Մահացածը եղել է բանկի հավաքարարը: