Մարդկանց գրպանները ինչ-որ բան գցեցին և մեկուսացրին
«Դիմադրություն» շարժման օրերին ոստիկանության գործողություններն աչքի ընկան բռնաճնշումներով, առանձնահատուկ կոշտ գործողություններով: Հարյուրավոր մարդկանց բերման ենթարկեցին, նրանցից շատերին բաց թողեցին, բայց բազմաթիվ մարդիկ այսօր շարունակում են մնալ քաղբանտարկյալի կարգավիճակում:
Իրավապաշտպան Կարապետ Պողոսյանի խոսքով՝ վաղուց արդեն գաղտնիք չէ, որ Հայաստանն ամբողջությամբ դարձել է ոստիկանական բռնապետություն.
«Երեկ մենք նշում էինք Սահմանադրության օր, բայց առանց սահմանադրության։ Մենք այս պահի դրությամբ ունենք 2015 թվականին ընդունված սահմանադրություն, որն ամբողջովին ոտնատակ է տրվել։ Այսօր գործող իշխանությունն իր աթոռը պահելու համար պատրաստ է ցանկացած այլանդակության, ցանկացած անօրինական գործողությունների՝ թեկուզ օր ավել իր իշխանությունը երկարաձգելու համար։ Բնականաբար, այս ընթացքում մենք հանդիպեցինք հանցագործության բազմաթիվ դեպքերի, ես ինքս այդ բռնությանը ենթարկվածներից մեկն եմ։
Շատերս կարմիր բերետավորների կողմից անօրինական և դաժան ծեծի ենթարկվեցինք, շատ մարդկանց «գլխին սարքեցին», ուղղակի ինչ-որ բան գրպանները գցեցին և մեկուսացրին։ Ավետիք Չալաբյանը, բազմաթիվ երիտասարդներ, անկուսակցականներ, ուղղակի պատանդ են իշխանության ձեռքին։ Անօրինական կերպով, դատարանների վրա ճնշումներ գործադրելով նրանց նկատմամբ կալանքներ են կիրառել, ինչը պարզապես ցույց է տալիս իշխանությունների վախը և աթոռից կառչած լինելը։ Ես այս ամենը գնահատում եմ պարզապես իրենց աթոռը պահելու մոլուցք»,- 1or.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպանը։
Մարիամ Նալբանդյան