Իշխանությունների ցինիկ վերաբերմունքի հետևանքով քաղաքական հետապնդումները սաստկանալու են. Լարիսա Ալավերդյան
Իրավապաշտպան, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Լարիսա Ալավերդյանի խոսքով՝ մենք ունենք ուղղակի ցինիկ վերաբերմունք իշխանավորների կողմից՝ պետական իշխանության հանդեպ.
«Սա շատ կարևոր է, որովհետև մենք խնդիր ունենք լավ իշխանություն ունենալու, իսկ այսօրվա իշխանությունները պարզապես ցինիկ վերաբերմունք են ցուցաբերում, և այդ առումով քաղաքական հետապնդումները, ես բազմիցս եմ ասել, ավելի սաստկանալու են: դա ունի հիմք. ամենաթողության կամ, այսպես ասած, «քարտ բլանշ» ստացած այս իշխանությունները երկու մասից բաղկացած մեկ նպատակի համար են բերվել և մնում են: Այն է՝ Արցախը ամբողջովին բռնակցել Ադրբեջանին, իսկ Հայաստանը դարձնել Թուրքիայի կցորդ:
Այս առումով, քաղաքականությունն ամբողջովին՝ ամենատարբեր շերտերով, մակարդակներով, բավականին ակնհայտ կերպով, գնում է հակառուսական տրամադրություններ տարածելով: Եվ կրկնում եմ՝ այդ ցինիկ վերաբերունքը հասարակության մեջ ամիջապես ծնում է մերժողականություն՝ լինի մարդու իրավունքների, թե իրավունքի հանդեպ ընդհանրապես»,- 1or.am -ի հետ զրույցում ասաց Ալավերդյանը:
Իրավապաշտպանի խոսքով՝ մարդկանց մեջ արդեն չկա այն հույսը, որ կարելի է իրավական ճանապարհով, օրենքի գերակայությամբ, օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքի ներքո որևէ բանի հասնել.
«Արդարության համար պետք է ասեմ, որ այնպես չէ, որ նախկինում իրավական նորմերն ամբողջովին գործում էին, բայց այսքան ակնհայտորեն ոչ թե ոտնահարում են մարդու իրավունքները, այլ հակադրվում են մարդու իրավունքների միջազգային նորմերին: Սա արդեն աննախադեպ վատ նորություն է, և մենք արդեն երեք տարոուց ավելի է՝ գտնվում ենք այդ դաշտում»:
Մարիամ Նալբանդյան