Արտակարգ դեպք Երևանում. կա 4 վիրավոր, 3-ը՝ երեխա
Երեկ՝ հուլիսի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։40-ի սահմաններում Երևանի բնակիչ 41-ամյա Վիգեն Հովհաննիսյանը իր վարած Nissan մակնիշի ավտոմեքենայով Դավիթաշենի Տիգրան Պետրոսյան փողոցում 3-րդ թաղամասի 18/1 շենքի դիմաց բախվել է Երևանի բնակիչ 29-ամյա Տիգրան Ալեքսանյանին պատկանող Opel մակնիշի ավտոմեքենային։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով Nissan-ի ուղևորներ` Երևանի բնակիչներ 36-ամյա Արմենուհի Նազարյանը, 9-ամյա Մելանյա Խ․-ն, 6-ամյա Ռուբեն Խ․-ն և 11-ամյա Կորյուն Հ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Բախման հետևանքով ավտոմեքենաներից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել կանաչ գոտում։ Վթարի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները, ովքեր սահմանազատել են տարածքը։ Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության։ Պարզվել է, որ Nissan-ի վարորդը եղել է ոչ սթափ (խմածության ամենաբարձր աստիճան)։
Վթարի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Գրիգոր Ավետիսյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մաթևոսյանի գլխավորությամբ։ Տեղում քննչական աշխատանքները ղեկավարող Դ․ Մարտիրոսյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։