«Հերթական անգամ անհեռատես որոշման արդյունքում ՀՀ տնտեսությունը և մեդիա դաշտը ծանր հարված են ստանալու»
Մհեր Խուդավերդյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Կարևոր ու անկյունաքարային պահ է թե՛ հայկական սպորտի, թե՛ առհասարակ ՀՀ տնտեսական դաշտի համար։ Հերթական անգամ անհեռատես որոշման արդյունքում ՀՀ տնտեսությունը և մեդիա դաշտը ծանր հարված են ստանալու:
Սեպտեմբերի 11-ից արգելվում է բուքմեյքերական ընկերությունների և շահումով խաղերի գովազդը` բոլոր տեսակի գովազդային դրսևորումները` արտաքին, հովանավորչական, թվային (ՖԲ, կայքեր և այլն), հեռուստատեսային, ռադիո և այլն։
Որո՞նք են ռիսկերը և ի՞նչ հարվածի մասին է խոսքը.
- Սպորտը գրեթե զրկվելու է ֆինանսավորումից (տե՛ս Ուրիշ Ֆուտբոլ - Urish Football-ի գրառումը)։
- Եթե գոնե կային քիչ թե շատ անկախ լրատվականներ, ապա կփակվեն, կամ «կհանգրվանեն» որևէ քաղաքական ուժի ստվերում։
- Մեծամասշտաբ միջոցառումները կդադարեն այդպիսին լինելուց, քանզի հիմնականում հովանավորվում էին հենց բեթինգների կողմից։
- Հայկական բեթինգների ազատած տեղը կգրավեն 1XBet-երը և Азино 3 Топора-ները:
- Տպարաններն ու մեդիա ընկերությունները կզրկվեն իրենց եկամուտի մեծ մասից։
- Կլինեն կրճատումներ և կփակվեն շատ շատ աշխատատեղեր։
Ու էլի լիքը, լիքը խնդիրներ...
Եվ որ ամենակարևորն է, օրենքը չի լուծի այն խնդիրը, որի համար իբրև ընդունվել է` «ղումարը» չի վերանալու։
Բեթինգների գովազդի ամենամեծ նպատակը ոչ թե նոր խաղացող գտնելն է, այլ եղածը պահելը և մրցակցից «հաճախորդ փախցնելը»։
Հավատացեք՝ խաղացողները խաղալու են, ու էս օրենքը ոչ մի դրական բանի չի ծառայելու»։