Sensor-ը ներկայացնում է գեղարվեստական ծրագրի մասնակիցներին
Sensor երաժշտության և ժամանակակից արվեստի միջազգային փառատոնը, որը կանցկացվի սեպտեմբերի 10-ից 12-ը, ներկայացնում է գեղարվեստական ծրագրի մասնակիցներին, ովքեր կներկայանան Հայաստանի լեռներում՝ Երևանից 40 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Հերունու աստղադիտարանի տարածքում անցկացվելիք փառատոնին: Ավստրիացի մեդիաարտիստ Պիտեր Կուտինը, իտալացի Ֆրանչեսկո Տոսինին, լեգենդար ավստրալական The Necks-ի թմբկահար-կատարող Թոնի Բաքը և Sila Sveta ստուդիան Sensor-ի շրջանակում կլուսավորեն Արագած լեռան լանջերը։
Sila Sveta-ն ինստալացիա է պատրաստում աստղադիտարանի կենտրոնական օբյեկտի՝ 80-ականների սկզբին տիեզերական հետազոտական ծրագրի շրջանակներում կառուցված հսկա 54 մետրանոց ռադիոաստղադիտակի շուրջ: Վիեննայից նկարիչ, բազմաժանր վիզուալ արտիստ Պիտեր Կուտինը կներկայացնի Prix Ars Electronica արվեստի փառատոնում մրցանակի արժանացած օբյեկտը՝ Torso կինետիկ աուդիո-վիզուալ քանդակը: Ֆրանչեսկո Տոսինին կմասնակցի Cielofuturo ինստալացիայով, որի պրեմիերան կայացել է 2022 թվականին Միլանի «Սան Սելսո» բազիլիկայում. Աշխատանքը գեներատիվ աուդիո-վիզուալ համակարգ է, որը վերարտադրում է բնության մորֆոգենեզի մի շարք պրոցեսներ:
Երևանի Art Basis արտ-պլատֆորմը պատրաստում է Control Mode էքսպոզիցիան, որի կուրատորներն են Թերեզա Դավթյանը և Լիլիթ Անտոնյանը: Սթրիթ արտի զոնայում կներկայանան Չինաստանից ժամանած նկարիչ DALeast-ը և Արտեմ Սետեֆանովը. արտիստները կցուցադրեն գործեր, որոնք ստեղծվել են անմիջապես փառատոնի տարածքում։ Մաշա Բոգորազը միանգամից երկու պրոյեկտ է պատրաստում՝ կոնցեպտուալ ինստալացիա և գրոտեսկային կենդանի քանդակների շարք, որոնցով հայտնի է նկարիչը։