Ե՞րբ կարելի է անվստահություն հայտնել վարչախմբին․ Չալաբյանի դիտանկյունը
«Գործող վարչախմբին անվստահության քվե պետք է հայտնել միայն այն պայմաններում, երբ գրեթե 100 տոկոսանոց երաշխիք կա, որ կձևավորվի նոր խորհրդարանական մեծամասնություն, որն էլ կաջակցի վարչապետի նոր թեկնածուին»։
«ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանն է այս մասին ասել «Առավոտին»՝ մեկնաբանելով առաջարկը՝ ունենալ վարչապետի թեկնածու և այդ թեկնածուի շուրջ խոսել իշխող «Քաղաքացիական պայմանագրի» հետ։ Ավետիք Չալաբյանը նշում է, թե դա սահմանադրական ճանապարհ է և չափազանց կարևոր, սակայն ունի նաև ոչ թե թաքնված, այլ բացահայտ խութեր։
«Եթե գործող կառավարությանն անվստահություն է հայտնվում, և անվստահության քվեին չի հավակնում գործող մեծամասնությունը, ապա, կառավարությունն առնվազն կես տարվա իմունիտետ է ստանում և կրկին անվստահություն հայտնել այդ ընթացքում հնարավոր չէ, գործընթացը հետաձգվում է 6 ամսով»,- փաստում է Ավետիք Չալաբյանը։
Նրա գնահատմամբ, Ազգային ժողովի պատգամավորների մեկ երրորդի նախաձեռնությամբ հնարավոր է անվստահության քվե հաստատել, եթե վստահություն կա նման նախաձեռնությանը, իսկ երբ խորհրդարանում մեծամասնություն է կազմում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, առնվազն 20 պատգամավորներ պետք են այդ քաղաքական ուժից, որոնք կմիանան ընդդիմության նախաձեռնությանը։
«Եթե չկան այդ 20 պատգամավորները, որոնք պատրաստ են դուրս գալ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից և միանալ ընդդիմությանը, ապա կստացվի, որ հնարավորությունը մնացել է չօգտագործված, և գործընթացը 6 ամսով կհետաձգվի»,- նշում է Ավետիք Չալաբյանը։
Իհարկե, առաջարկը՝ անվստահություն հայտնել գործող վարչախմբին, չափազանց էմոցիոնալ է և կարող է հանրության շրջանում լուրջ էյֆորիա առաջացնել, ինչպես նաև ընդդիմադիր տրամադրված զանգվածին ստիպել, որ այլ չհիմնավորված պահանջներ ներկայացնեն խորհրդարանական ընդդդիմությանը, մինչդեռ այդ առաջարկը ավելի շատ բխում է խորհրդարանական գործող իշխանությունների շահերից և պետք է քայլերն անել հաշվարկված, ողջամիտ, չվնասել ընդհանուր ընդդիմադիր գործին։
Սա է, որ Ավետիք Չալաբյանին առանձնացնում է այլ ընդդիմադիր գործիչներից։ Ի տարբերություն շատերի, նա հստակ և ողջամիտ ճանապարհն է ցույց տալիս, թե ինչ է պետք անել, ինչպես, և որոնք են հնարավոր այն խնդիրները, որոնց կարող է բախվել ընդդիմությունը իր գործողություններում։
Արամ Մաթևոսյան