Վրաստանի իշխող կուսակցությունը քաղաքապետի արտահերթ ընտրություններում հաղթում է հինգ շրջանում
«Վրացական երազանք» կառավարող կուսակցությունը հաղթում է բոլոր հինգ շրջաններում, որտեղ տեղի են ունենում քաղաքապետի արտահերթ ընտրություններ. քվեարկության երկրորդ փուլը տեղի կունենա միայն Թբիլիսիի Մտածմինդայի շրջանում։ Այս մասին են վկայում Վրաստանի ԿԸՀ կայքի տվյալները, տեղեկացնում է Նովոստի-Գրուզիան։
Վրաստանում մայիսի 19-ին տեղի ունեցան Զուգդիդիի, Մառնեուլի, Խուլոյի, Չիաթուրի եւ Զեստաֆոնի քաղաքապետերի ընտրություններ, ինչպես նաեւ խորհրդարանի պատգամավորի միջանկյալ ընտրություններ Թբիլիսիի Մտածմինդա շրջանից։
Զուգահեռ տեղի են ունեցել շրջանային սաքրեբուլոների (տեղական խորհրդակցական մարմիններ) միջանկյալ ընտրություններ Սագարեջոյում, Ահմեթայում, Ադիգենում, Օզուրգեթում, Չիթաուրում, Թքիբուլիում, Ծխալթուբոյում եւ Զեստաֆոնում։ Տեղական խորհուրդներում եւ ութ շրջաններում ընտրությունների տվյալները ԿԸՀ-ն կհրապարակի ավելի ուշ։
Սանդրա Ռուլովսը՝ Վրաստանի նախկին առաջին տիկինը եւ երրորդ նախագահ Միխայիլ Սաակաշվիլու տիկինը, հայտարարել է, որ ընդդիմությունը չի ճանաչում ընտրությունների արդյունքները Զուգդիդիում, որտեղ նա առաջադրվել էր որպես Զուգդիդիի քաղաքապետ արտահերթ ընտրություններում «Միասնական ազգային շարժում» կուսակցությունից եւ 12 այլ ընդդիմադիր կուսակցություններից։
Դիմելով իր կողմնակիցներին՝ Սանդրա Ռուլովսը հայտարարել է, որ չի ճանաչում կառավարող կուսակցության անցկացրած ընտրությունների արդյունքները, որոնց համաձայն՝ առաջին իսկ փուլում հաղթել է «Վրացական երազանքի» թեկնածու Գեորգի Շենգելիան։ Հարկ է նշել, որ տեղամասերը փակելուց մեկ ժամ հետո, կառավարող կուսակցությունը Զուգդիդիում սկսել է նշել իր թեկնածուի հաղթանակը ընտրություններում։
Համաձայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալների՝ Զուգդիդիի միջանկյալ ընտրություններում Զուգդիդիի քաղաքապետի կառավարող կուսակցության թեկնածու Գեորգի Շենգելիան ստացել է 54 տոկոս ձայն, Սանդրա Ռուլովսը՝ 42 տոկոս։