«Համախմբում» շարժումը կազմակերպում է «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» գիտագործնական համաժողով
Քաղաքական-հասարակական գործիչ, «Համախմբում» շարժման խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Սիրելի բարեկամներ,
Արդեն երկու ամիս է, որ շարունակվում է Արցախի շրջափակումը։ Ադրբեջանը, շրջափակված պահելով Արցախը, փորձում է ճնշել նրա քաջարի բնակչությանը, սակայն նրա այս բարբարոսական վարքագիծը ևս մեկ անգամ գալիս է հաստատելու, որ Արցախը որևէ ապագա չի կարող ունենալ Ադրբեջանի կազմում, և նրա կենսունակության միակ տարբերակը Արցախի միջազգային ճանաչումն է։
Այս նպատակով, մեր «Համախմբում» շարժումը և նրան միացած մոտ մեկ տասնյակ հանրային կառույցներ, միավորվելով Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման միասնական օրակարգի շուրջ, փետրվարի 24-25-ին կազմակերպում են «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» գիտագործնական համաժողովը, որի նպատակն է քննարկել Արցախի միջազգային ճանաչման իրավական փաստարկները, վերհանել ճանաչմանը նպաստելու իրատեսական ուղիները և մեխանիզմները, և ձևավորել միասնական համահայկական ռազմավարություն՝ Արցախի սուբյեկտայնության բարձրացման և միջազգային ճանաչման նպատակով։
Համաժողովին կարող եք հետևել հեռարձակվող ուղիղ եթերի միջոցով, Փետրվարի 24-25, 10:00, հղումները լրացուցիչ կտրամադրենք։