«Բլթոցներ», որ սոսկ անձնական կարծիք չեն, այլ գլխավոր գծի արտածում. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է
Նիկոլ Փաշինյանի խորհրդարանական «փաղանգում» կա մի մտքի գիգանտ, քանքար ու պարզապես մաքրամաքուր անցյալով գործիչ: Եթե միանգամից չկռահեցիք, խոսքը Գագիկ (Գուրգեն) Մելքոնյանի մասին է, որը «նախկինում» ընդամենը մի 8-9 տարի բանակի թիկունքի պետն է եղել, ինչը չի խանգարում, որ իր քպական խմբակցակիցները աջուձախ «բանակը թալանելուց» խոսեն: Բայց այդ ծեքծեքումները դեռ մի կողմ: Ուրեմն, Փաշինյանի խմբակցության անդամ Գագիկ (Գուրգեն) Մելքոնյանը մոտ մեկ ամիս առաջ փայլատակեց՝ հայտարարելով. «Արցախը կորցնես լա՞վ է, թե՞ Հայաստանը»: Ասել կուզի՝ Արցախը հանձնում են, որ, իբր, Հայաստանը փրկեն: Հասկանում ենք, իհարկե, բացարձակ անհեթեթություն է: Բայց... Մեկ էլ իրենց կուսակցապետ Նիկոլ Փաշինյանն էր, չէ՞, որ Արցախի մեծ մասը հանձնեց, որ «կյանքեր փրկի»: Ու այդպես կյանքեր է, որ «փրկում» է...
Հիմա նրա ենթակա, անունով՝ գեներալ Գագիկ (Գուրգեն) Մելքոնյանը շարունակում է փայլատակել: Նախօրեին էլ հայտարարել է. «Հիմի լավ է Զանգեզուրի միջանցք տա՞նք, թե Ռուբեն Վարդանյանին ասենք՝ գնա, որտեղից եկել ես»: Ու քանի որ քպական շարքերից ո՛չ նախորդ դեպքերում, ո՛չ հիմա ոչ մեկը ոչինչ չի ասել Մելքոնյանի այդ փայլատակումների վերաբերյալ, ուրեմն նրա այսօրինակ հայտարարությունները, որքան էլ որ նորմալ դիտորդները դրանք «բլթոց» համարեն, արտացոլում են կուսակցական «գլխավոր գիծը», եթե ոչ՝ Նիկոլ Փաշինյանի հրահանգով են բարձրաձայնվում: Ըստ որում, Ռուբեն Վարդանյանի հեռանալու վերաբերյալ Գ.Մելքոնյանը բառացի կրկնում է... Ալիևի ասածը: Բայց դա քպականներին չի հուզում:
Լավ, Ռուբեն Վարդանյանը, ասենք, գնաց: Կատարվում է Գագիկ (Գուրգեն) Մելքոնյանի ու Իլհամ Ալիևի վարդագույն երազը: Ու ի՞նչ, ըստ Գ. Մելքոնյանի, իր և իր կուսակցապետի սիրելի Ալիևը «Զանգեզուրի միջանցքից» այլևս ձեռք է քաշելո՞ւ, մի բան էլ Արցախի շրջափակումն է դադարեցնելո՞ւ: Ու այս անձնավորությունը գեներալական ուսադիրնե՞ր է ունեցել, պաշտպանության նախարարի տեղակալ է եղե՞լ: Այ, այդ հարցում, որ հանդուրժել են նման երևույթ, ի դեմս նշված նիկոլականի, նախկիններն իսկապես մեղավոր են: Ռուբեն Վարդանյանի գնալ-չգնալն այլ հարց է: Վատն այն է, որ գուրգենմելքոնյանները կշարունակեն մնալ և «կարծիք ձևավորող», կներեք արտահայտության համար, հայտարարություններ անել:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում