Սա ճանապարհ է, որը ոչ մի տեղ չի տանում. Ռուբեն Վարդանյանը՝ Ալիևի հայտարարության մասին
«Մենք ենք մեր սարերը» գործակալության համահիմնադիր, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Ադրբեջանի նախագահի այսօրվա հայտարարությունների հետ կապված իմ մեկնաբանությունը BusinessFM-ին:
Կարծում էի, որ պարոն Ալիևը լավ խորհրդականներ ունի, բայց, ինչպես երևում է այս հայտարարություններից, նրանք անպիտան են։ Խորհուրդ կտայի աշխատանքից ազատել նրանց, որովհետև որքան շատ է հնչում այս հռետորաբանությունը, որքան ավելի կոշտ ու դաժան է այն դառնում, այնքան մեծանում է հավանականությունը, որ վաղ թե ուշ պարոն Ալիևը ստիպված է լինելու կանգնել Հաագայի միջազգային դատարանի առաջ:
Ես դժվարանում եմ պատկերացնել, թե ինչ միջոցներով է ադրբեջանական պետությունը 120 հազար հայերին կարողանալու վտարել իրենց հայրենիքից: Ամեն դեպքում, դա կլինի մարդկության դեմ հանցագործություն: Եվ որքան մեծանում է ուժի սպառնալիքի լեզվով ճնշումն արցախցիների վրա, այնքան ավելի են նրանք համախմբվում և կողք կողքի կանգնում:
Այս իմաստով սա ճանապարհ է, որը ոչ մի տեղ չի տանում։ Ես ասել եմ և շարունակում եմ կրկնել, որ միակ ճանապարհը նորմալ բանակցություններն են, որտեղ Ադրբեջանը պետք է ճանաչի մյուս կողմին՝ Արցախի Հանրապետությունը, Արցախի ընտրված առաջնորդներին, և միջազգային հարթակում միջազգային ներկայացուցիչների մասնակցությամբ նորմալ բանակցություններ վարի՝ գիտակցելով, որ հակառակ պարագայում սա ճանապարհ է, որն իրեն ոչ մի տեղ չի տանելու։