«Ապրելու երկիր» կուսակցության հայտարարությունը Բրյուսելում կայացած Նիկոլ Փաշինյան - Շառլ Միշել - Իլհամ Ալիև եռակողմ հանդիպման արդյունքների մասին
2023թ․ մայիսի 14-ին Բրյուսելում կայացած Նիկոլ Փաշինյան - Շառլ Միշել - Իլհամ Ալիև եռակողմ հանդիպման արդյունքների մասին Շառլ Միշելի տարածած հայտարարության մեջ նշված էր․ «Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները հաստատել են իրենց հավատարմությունը 1991թ․ Ալմաթիի հռչակագրին, ինչպես նաև հաստատել են այն, որ հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ Հայաստանի դեպքում՝ 29 800 քառ․ կմ, իսկ Ադրբեջանի դեպքում՝ 86 600 քառ․ կմ․ «Սահմանների վերջնական դելիմիտացիան կհամաձայնեցվի բանակցությունների միջոցով»»։
Հարկ ենք համարում արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի հարցում որդեգրած քաղաքականությունն ամբողջությամբ հակասում է Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմի նախընտրական ու կառավարության հնգամյա ծրագրերին։ Հիշեցնենք, որ ՔՊ նախընտրական ծրագրում նշված է․ «Արցախյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման համար առանցքային կարևորություն ենք տալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակներում բովանդակային բանակցությունների անցկացմանը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը հիմնախնդրի կարգավորման միակ ընդունված միջազգային ձևաչափն է»։
Կառավարության ծրագրում Արցախի հիմնահարցի վերաբերյալ ներկայացվել են բոլորովին այլ խոստումներ: Հնգամյա ծրագրում նշված է. «Առաջիկա տարիներին Կառավարության գլխավոր խնդիրը պետք է լինեն ԼՂ ժողովրդի անվտանգության ապահովումն ու Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ և համապարփակ կարգավորումը։ Ղարաբաղյան հիմնախնդրի վերջնական կարգավորումը Կառավարությունը տեսնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցմամբ՝ հայտնի սկզբունքների և տարրերի, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի հիման վրա»:
Փաստացի, Փաշինյանը պատրաստ է իր քայլերով և խաղաղության մասին թյուր պատկերացումներով նոր փորձությունների առաջ կանգնեցնել Հայաստանի Հանրապետությունն ու Արցախի Հանրապետությունը: Փաշինյանը և նրա քաղաքական թիմը 2021 թ. արտահերթ ընտրություններում ՀՀ քաղաքացուց քվե են ստացել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի համար պայքարելու ծրագրով: Նրանք իրավունք չունեն այդ քվեն օգտագործել այլ նպատակներով:
Արցախը հանձնելով ՀՀ-ն փրկելու մանիպուլյատիվ քարոզչությունը որևէ քննության չի դիմանում։ Այսօր Ադրբեջանի ԶՈՒ-ն ՀՀ սուվերեն տարածքում է և չնայած միջազգային կոչերին՝ որևէ քայլ հետ չի գնացել։ Ավելին, Ալիևի որդեգրած ագրեսիվ ու հայատյաց քաղաքականության պարագայում արցախահայության ճակատագիրը հարցականի տակ դնելն ուղղակի հանցագործություն է։ Ավելի քան հստակ է, որ նման հայտարարությունների դեպքում Ադրբեջանն ավելի վտանգավոր քայլերի կարող է գնալ Արցախում։
Այս հայտարարությունները դառնալու են գործիք Ադրբեջանի ձեռքին Արցախի հայերի նկատմամբ էթնիկ զտման կամ բռնի տեղահանման քաղաքականությունն ավարտին հասցնելու համար։ Ընդ որում, պաշտոնական Երևանը բազմիցս արձանագրել է այդ վտանգի գոյության մասին, բայց չգիտես ինչու իր գործողություններով միմիայն մեծացնում է ռիսկերը։
Կարևոր է նաև հասկանալ, որ Փաշինյանը իր որդեգրած քաղաքականությամբ շատ հաճախ հարցականի տակ է դնում ՀՀ պետականության հիմք հանդիսացող Անկախության հռչակագիրն ու ՀՀ Սահմանադրությունը:
Անկախության հռչակագրում հստակ ամրագրված է մեր պետության հանձնառությունը Արցախի հարցում. «Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը՝ արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, գիտակցելով իր պատասխանատվությունը հայ ժողովրդի ճակատագրի առջև համայն հայության իղձերի իրականացման և պատմական արդարության վերականգնման գործում, ելնելով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից և միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերից, կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա, զարգացնելով 1918 թվականի մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները, խնդիր դնելով ժողովրդավարական, իրավական հասարակարգի ստեղծումը»: Սա անփոփոխ դրույթ է, ուստի ցանկացած ղեկավար պետք է հասկանա, որ իր հայտարարությունները չեն կարող հակասության մեջ մտնել մեր պետականության հիմնավոր փաստաթղթերի հետ:
Իշխող ուժը և նրա ղեկավարը պետք է հրապարակային ընդունեն, որ չեն կարողանում իրագործել իրենց նախընտրական ծրագիրը ու Կառավարության հնգամյա ծրագիրը, ինչի համար իրենք ստացել են ՀՀ քաղաքացիների մեծամասնության քվեն: Բարդ աշխարհաքաղաքական իրավիճակը թույլ չի տալիս նման չհաշվարկված քայլեր անել, քանի որ դրանց հետևանքները շատ ծանր են լինում Արցախի Հանրապետության քաղաքացիների, ՀՀ քաղաքացիների անվտանգության ու ՀՀ պետության տարածքային ամբողջականության համար:
Ի վերջո, Փաշինյանի վարած քաղաքականությունը ու ստանձնած պարտավորությունները հակառակորդ երկիրն ընկալում է որպես թուլության ու զիջողականության պատրաստակամություն, ինչի հետևանքով միմիայն մեծանում է ոչ միայն Արցախի, այլ նաև ՀՀ տարածքների դեմ ագրեսիվ դրսևորումների հավանականությունը:
Վերջին օրերի զարգացումները, սահմանային լարված վիճակն ու Ադրբեջանի չդադարող սադրանքները դրա վառ ապացույցն են:
«Ապրելու երկիր» կուսակցությունը վերահաստատում է իր դիրքորոշումը առ այն, Արցախը երբեք չի եղել և չի լինելու Ադրբեջանի կազմում։ Հետևաբար, Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության օրակարգում Արցախի հիմնահարցը պետք է լինի առաջնահերթություն և հանդիսանա հայ-ադրբեջանական հարաբերությունների թիվ մեկ օրակարգը՝ որպես մնացած խնդիրների կարգավորման հնարավորություն։