300 միլիոն դրամի համալրում՝ երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության ծրագրերի համար
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ հերթական նիստի ժամանակ, Կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 2111-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին նախագծին:
Սույն նախագծով առաջարկվում է երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերի համար 2023 թվականի երկրորդ եռամսյակի բյուջեն համալրել 300 միլիոն դրամով:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի խոսքով՝ ծրագրերի շրջանակում այս տարվա համար նախատեսված և հաստատված բյուջեն կազմում է 1 միլիարդ 291 միլիոն դրամ, որը համամասնորեն բաշխվել է՝ ըստ եռամսյակների, սակայն ծրագիրը շարունակում է գրանցել բարձր դիմելիություն:
«Միայն ապրիլի 30-ի դրությամբ արդեն իսկ աջակցություն է ստացել 957 շահառու, վճարվել՝ շուրջ 643 միլիոն դրամ: Եվս 320 շահառուի հայտ բավարարվել է և սպասում է վճարման, որի ընդհանուր գումարը կազմում է 300 միլիոն դրամ»,- նշեց Մկրտչյանը:
Ըստ նրա՝ ծրագրի մեկնարկից մինչ այս պահը աջակցություն է ստացել 6409 շահառու, իսկ փոխանցված ընդհանուր դրամական միջոցները կազմել են 4 միլիարդ 345 միլիոն դրամ. «Ընդ որում՝ 2021 թվականին աջակցություն է ստացել 1949, իսկ 2022-ին՝ 3088 շահառու: Աջակցություն ստացած շահառուների թվի կտրուկ աճը պայմանավորված է ակտիվ իրազեկման աշխատանքներով: Ծրագրերն ուղղակիորեն ազդեցություն են ունեցել ընտանիքների վերարտադրողական վարքագծի վրա, նաև աճել է ընտանիքներում ծնվող երրորդ և ավել երեխաների թիվը»: