Շրջափակման պայմաններում արցախցի երիտասարդներն առաջին անգամ հնարավորություն կունենան մասնակցելու CaseKey բիզնես մրցույթին
Արցախցի 30 երիտասարդ այս տարի հնարավորություն կունենա մասնակցելու CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթին։ Մինչև մրցույթը, որը տեղի է ունենալու նոյեմբերին, արցախցի երիտասարդների համար անցկացվում է վեցամսյա առցանց դասընթաց: Հայաստանի առաջատար մասնագետներն ու քոուչները նրանց կփոխանցեն տեղական և միջազգային բիզնես քեյսերի արդյունավետ լուծումների վերաբերյալ գիտելիքներ:
Արցախցի երիտասարդներին CaseKey բիզնես մրցույթում ներգրավելու ծրագիրը «Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալության և մրցույթն իրականացնող «Nation in Action» կազմակերպության համատեղ նախաձեռնությունն է։
Հունիսի 15-ին Ստեփանակերտի «Մեր սարերը» կենտրոնում CaseKey բիզնես մրցույթի համահիմնադիրներ Հովհաննես Երիցյանը և Արշակ Կարապետյանը արցախցի մասնակիցներին տեսակապի միջոցով ներկայացրել են մրցույթի առանձնահատկություններն ու նրանց հետ անցկացրել առաջին դասընթացը։
CaseKey բիզնես քեյսերի լուծման մրցույթի նպատակն է զարգացնել վերլուծական, նորարարական մտածողությունը և ոչ ստանդարտ խնդիրների լուծման հմտությունները: Մրցույթը Հայաստանում իրականացվում է արդեն երրորդ տարին։ Չնայած Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակմանը՝ արցախցի երիտասարդներն այս տարի առաջին անգամ հնարավորություն ունեն մասնակցելու մրցույթին։
«Բիզնեսի, առհասարակ երկրում առաջացած խնդիրների ոչ ստանդարտ լուծումների կարիքն Արցախում հատկապես զգացվեց շրջափակման պայմաններում։ Հասկացանք, որ մեր կրթական նախաձեռնությունների շարքում անպայման պետք է ավելացնենք այսպիսի ծրագիր։ Վստահ ենք, որ «CaseKey»-ը ոչ միայն անձնապես է օգտակար լինելու արցախցի երիտասարդներին, այլ նաև երկարաժամկետ կտրվածքում դառնալու է յուրօրինակ ներդրում երկրի հասարակական կյանքում»,- ասել է «Մենք ենք մեր սարերը» գործակալության կրթական նախաձեռնությունների ղեկավար Սոնա Հովհաննիսյանը։
«CaseKey»-ի համահիմնադիր Արշակ Կարապետյանը նշել է, որ մրցույթն Արցախում անցկացնելու մտադրություն ունեին նաև նախկինում, սակայն չէին կարողանում իրականացնել տեխնիկական խնդիրների պատճառով։ Դժվարություններ, իհարկե, կան նաև հիմա՝ հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը, բայց որոշվել է նաև հենց այդ պատճառով ծրագիրն անպայման իրականացնել՝ ցույց տալու համար, որ շրջափակումը չի կարող խոչընդոտել նպատակների իրականացմանը: «Ընդհանրապես աշխարհում ընդունված չէ, որ այսպիսի դասընթաց-մրցույթներն առցանց լինեն, քանի որ քոուչներն անհատապես են աշխատում մասնակիցներից յուրաքանչյուրի հետ։ Բայց Արցախի իրավիճակը յուրահատուկ էր, և մենք ամեն պայման ապահովեցինք, որ կարողացանք Արցախը ևս ներգրավել մեր աշխատանքներում»,- ասել է Արշակ Կարապետյանը։
«Մենք ենք մեր սարերը» գործակալության կրթամշակութային ծրագրերի համակարգող Նարինե Աղաբալյանը նշել է, որ գործակալությունը և նրա համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը հետևողական են արցախցի երեխաների և երիտասարդների համար կրթական նոր հնարավորություններ ստեղծելու հարցում, հատկապես այս իրողություններում, երբ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով խախտված են Արցախի Հանրապետության քաղաքացիների հիմնարար ազատություններն ու իրավունքները, այդ թվում՝ կրթություն ստանալու իրավունքը։ «Մենք աշխատում ենք տարբեր գործընկերների հետ: Մայիսին անցկացվել է «Մատենա» միջազգային դպրոցի առաջնորդության ծրագիրը, վերջին օրերին մեկնարկել է նաև կրթական «Գեղագիտակ» ծրագիրը, որի շրջանակում արցախցի երեխաների համար կիրականցվեն ճամբարային, ուսուցողական, մարզական նախագծեր։ Մենք նաև հնարավորություն ենք ստեղծել, որպեսզի արցախցի երեխաները կարողանան միանալ Casekey մրցույթին։ Հատկանշական է, որ հենց շրջափակման պայմաններում են արցախցի երեխաները առաջին անգամ միանում այս ծրագրին։ Այսպիսի նախագծերի միջոցով մենք տալիս ենք նոր գիտելիքներ և զարգացնում ենք նոր կարողություններ։ Այսօրվա իրավիճակը պահանջում է ոչ ստանդարտ լուծումներ, այդ թվում՝ տնտեսության մեջ, բիզնես ոլորտում, և հույս ունենք, որ նման դասընթացների միջոցով կկարողանանք ամուր հիմք ստեղծել՝ նոր մարտահրավերներին դիմագրավելու համար»,-նշել է Նարինե Աղաբալյանը։