Պայթյուններ Կատմանդուում. կան զոհեր
Չորս մարդ է զոհվել, եւս յոթը վիրավորվել են Նեպալի մայրաքաղաք Կատմանդուում որոտացած երեք առանձին պայթյունների հետեւանքով: Ոստիկանությունը կասկածում է, որ պայթյունների պատասխանատվությունը կարող է ստանձնել մաոիստական խմբավորումը, հաղորդում է Reuters-ը:
Մեկ մարդ զոհվել է բնակարանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով քաղաքի կենտրոնում՝ Գհաթեքուլո շրջանում: Երկրորդ պայթյունը որոտացել է քաղաքի ծայրամասային Սուկեդհարա շրջանի վարսավիրանոցում, որի հետեւանքով զոհվել է երեք մարդ:
Ոստիկանությունը հայտնել է, որ երրորդ պայթյունը տեղի է ունեցել Թատոտ շրջանում. վիրավորվել է երկու մարդ:
Բոլոր յոթ վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց:
Ոստիկանապետը հայտարարել է, որ կան կասկածներ, որ պայթյուններն իրականացվել են նախկին մաոիստական ապստամբներից առանձնացած խմբի կողմից, որոնք ներկայանում են կառավարության դեմ: Պայթյունների պատասխանատվությունը դեռեւս ոչ ոք չի ստանձնել: