«Հրապարակ». Արայիկ Հարությունյանը հերթական ծանր զիջումներն է անելու
Հումանիտար աղետին զուգահեռ, Արցախում սրվել է նաեւ ներքաղաքական վիճակը։ Պատճառն Արայիկ Հարությունյանի՝ նախագահի պաշտոնից հրաժարական տալու մտադրությունն է եղել, որի մասին մենք օրերս գրել էինք։ Անցած շաբաթվա սկզբին Հարությունյանը խորհրդարանական ուժերի ղեկավարների, նախկին նախագահներ Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի եւ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի հետ հանդիպում է ունեցել եւ նրանց տեղեկացրել հրաժարական տալու իր մտադրության մասին, սակայն հանդիպման մասնակիցները նրան բացատրել են, որ ստեղծված իրավիճակում դա կարող է աղետալի հետեւանքներ ունենալ Արցախի գոյության համար։ Այդ հանդիպման մասին մի քանի օր անց խոսեց Ռուբեն Վարդանյանը` Հարությունյանին ստախոս անվանելով եւ ասելով, որ նա հետ է կանգնել հրաժարական ներկայացնելու որոշումից։
«Շաբաթվա սկզբում Դուք ասում էիք, որ հրաժարական եք տալու, ու Ձեզ պետք չի համոզել, որովհետեւ որոշումն արդեն կայացրել եք, ու դա առաջին անգամ չէ։ 8 հոգուց, որ ներկա էին այդ հանդիպմանը, մի մասն արդեն չէր հավատում Ձեր խոսքին: Մի մասն էլ ասում էր՝ գուցե այս անգամ ճի՞շտ է ասում»,- Արցախի վերակառուցվող Հակոբավանքից ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց Վարդանյանը։ Ռուբեն Վարդանյանի այս էմոցիոնալ ելույթը չէր լինի, եթե Արայիկ Հարությունյանի կողմնակիցներն Արցախում խժդժություններ չիրականացնեին։ Մենք գրել էինք, որ Հարությունյանի հրաժարականի լուրն Արցախում այնքան էր իրավիճակը լարել, որ վերջինիս կողմնակիցները՝ զինվորական համազգեստով մարդիկ, ներխուժել էին Արցախի Ազգային ժողով։
Նախապատրաստվող հրաժարականի լուրի մասին իմանալով՝ Հարությունյանի ընկեր, աշխարհազորայինների ղեկավար Կարեն Մաթեւոսյանը հանդիպել էր Արցախի նախագահի հետ, լսելով, որ նա նման մտադրություն ունի, քանի որ իրեն մենակ է զգում, բոլորն իրեն են մեղադրում, եւ ինքը հոգնել է այս պայքարից, որոշել է սատար կանգնել իր ընկերոջը եւ զինված խմբով գնացել է ուղիղ խորհրդարան ու հաշիվ պահանջել նորընտիր խոսնակից` ՀՅԴ-ական Դավիթ Իշխանյանից եւ մյուս քաղաքական ուժերից, թե ինչու չեն կանգնում նախագահի կողքին։
Նախօրեին էլ աշխարհազորայինների ղեկավարը լայվ մտավ եւ արցախցիներին ասաց, թե պատրաստ է պատասխանատվություն ստանձնել պետության կառավարումը կազմակերպելու եւ խորհրդարանական ընտրություններ իրականացնելու հարցում։ Ստեղծված իրավիճակի համար նա մեղադրեց բոլորին, այդ թվում՝ նախկին նախագահներին, բայց ոչ Արայիկ Հարությունյանին, եւ գրեթե սպառնաց` եթե չգան համաձայնության, իրենց հետ գործ կունենան:
Արցախի մեր աղբյուրները կասկած չունեն, որ Մաթեւոսյանին ուղղորդում են ՀՀ-ից: Ավելին՝ Արայիկ Հարությունյանին էլ երկընտրանքի առջեւ են կանգնեցրել՝ կա՛մ պետք է հրաժարական տա, կա՛մ Աղդամով սնունդ կմտնի Արցախ, իսկ Մաթեւոսյանին ակտիվացրել են, որ ֆորս մաժորի պարագայում իշխանությունը գոնե Սամվել Բաբայանին փոխանցեն, այլ ոչ թե արմատական ընդդիմությանը: Մեր աղբյուրն ասում է, որ Մաթեւոսյանն ու Բաբայանը մտերիմ են, եւ բլոկադայի ժամանակ Մաթեւոսյանն է կազմակերպել Բաբայանի մուտքն Արցախ։
Երեկ արդեն Արցախի մեր աղբյուրները վստահ էին, որ Ա. Հարությունյանը հրաժարական տալու միտք չունի, հետեւապես հիմա իշխանությունների օրակարգում Աղդամով Արցախ սննդի ներկրման հարցն է։ Ավելին, երեկ Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ է հրավիրել եւ ԱԺ անդամներին հայտնել, որ Աղդամով ճանապարհը գործարկվելու է: Պարզ է, որ դրան դիմադրողներին ճնշելու հարցը դրված է նույն Կարեն Մաթեւոսյանի վրա։
Չի բացառվում, որ առաջիկա օրերին Արայիկ Հարությունյանի շուրջ ձեւավորված իշխանական թիմը՝ Սամվել Բաբայանի գլխավորությամբ, ադրբեջանական կողմի հետ հանդիպման մեկնի, եւ այլ հարցերի շուրջ պայմանավորվածություններ կայացվեն: Թե որտեղ` մեր աղբյուրներն առայժմ տեղյակ չեն։
«Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը տեղյակ չէ ԱԽ նիստի օրակարգից, նա հիշեցնում է՝ խորհրդարանական ընդդիմությունը տեւական ժամանակ է՝ բոյկոտում է այդ նիստերը, քանի որ Արայիկ Հարությունյանն իր կայացրած ծանր որոշումները փորձում է գցել բոլորի վրա, հանրությանը ներկայացնել, թե քննարկել ու համատեղ որոշումներ են ընդունել։ Ինչ վերաբերում է Հարությունյանի հրաժարականի մտադրությանը, ապա, Գալստյանի խոսքով, դա առաջին անգամ չէ, մեկ անգամ էլ հունվարին է նման որոշում կայացրել ու փոշմանել: Ընդդիմադիր պատգամավորի կարծիքով՝ սա վկայում է այն մասին, որ Հարությունյանը պատրաստվում է հերթական մեծ զիջումներին գնալ․ «Մի բան պարզ է, որ Արայիկ Հարությունյանը հերթական զիջումներից առաջ նման միջոցառումներ է կազմակերպում։ Ընդամենը մի քանի օր առաջ հանդիպում էր ունեցել ու ասել, որ իր հրաժարականը չպիտի քննարկվի` «վերջնական» որոշում ունի, հետո փոշմանեց, մեկ անգամ էլ նման բան հունվարին է արել, իսկ դրանից հետո հայտարարել, թե իր մնալը հանրային պահանջ է, որ պետությանը, պետականությանը վնաս չլինի: Այսպես սպառնալիքներով իրականացնում է իր զիջումները»։ Մինչդեռ, Դավիթ Գալստյանի կարծիքով, Արայիկ Հարությունյանը զբաղված է պետական ինստիտուտների ոչնչացմամբ․ «Եթե խորհրդարանի վրա հարձակում է լինում, եւ օրեր շարունակ հստակ իրավական գնահատական չի տրվում, դա ոչ այլ ինչ է, քան պետականությունը քանդելու առաջին քայլեր։ Եթե չկա իրավական գնահատական, ենթադրում ենք, որ կա՛մ Արայիկ Հարությունյանն է դա կազմակերպել, կա՛մ ինքը համաձայն է կազմակերպիչների հետ»։
Ինչ վերաբերում է Աղդամի ճանապարհը բացվելուն, ապա, Գալստյանի համոզմամբ, դրանից հետո էլ էական ոչինչ չի փոխվելու Լաչինի միջանցքի մասով, հակառակը՝ Արցախի 120 հազար բնակչությունը կանգնելու է ֆիզիկական բնաջնջման սպառնալիքի առջեւ, կլինեն քրեական հետապնդումներ, բանտարկություններ եւ այլն։
«Փաշինյանի ծրագիրն է՝ Արցախը հանձնել Ադրբեջանին, եւ կյանքի գնով փակ է պահելու Լաչինի ճանապարհը, քանի որ, երբ որոշեն Ակնայի ճանապարհը բացել, սկսեն ինտեգրացիան, Արցախը կսկսի հայաթափվել, ապա տունուտեղ կորցրած տասնյակ հազարավոր արցախցիներ գալու են Հայաստան, ու, ուզի թե չուզի, ստիպված է լինելու զբաղվել նրանց խնդիրներով, սրանից է սարսափած Նիկոլ Փաշինյանը։ Դրա համար փակ են պահում, որ կարողանան կառավարելի դարձնել ու հիմնականում կարողանում են Արցախից դուրս գալ մարդիկ, որոնք որեւէ պաշտոն չեն զբաղեցրել, հասարակական գործիչներ չեն, քանի որ վերջին խմբերին Ադրբեջանը որպես հանցագործներ է դիտարկել եւ քրեական գործեր հարուցել, ու հնարավոր է՝ նրանց թույլ չտան դուրս գալ։ Վերջում էլ Փաշինյանը հնարավոր է այս մարդկանց փաթեթավորի ու նվիրի Ադրբեջանին»,- ասաց Գալստյանը, կոչ անելով արցախցիներին՝ 90-ականների ոգով միասնական պայքար մղել, հակառակ դեպքում իր նկարագրած ճակատագիրն է սպասվում։