Պետք է Նիկոլին հեռացնել, որ Երևանը Էրիվան չդառնա․ «Մայր Հայաստանը» Շենգավիթում է (տեսանյութ)
«Մայր Հայաստան» դաշինքի անդամները՝ Անդրանիկ Թեւանյանի գլխավորությամբ, իրենց քաղաքական օրակարգը ներկայացրին Շենգավիթ վարչական շրջանի բնակիչներին։
«Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել օտարերկրյա լրատվամիջոցին ու ասել՝ Ադրբեջանն արցախահայերին անվտանգության որեւէ երաշխիք չի տալիս, բայց մենք ամեն դեպքում Արցախը ճանաչել ենք Ադրբեջանի կազմում։ Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ սեփական տգիտության արձանագրում, եթե ոչ դավաճանություն, որովհետեւ ՀՀ Սահմանադրությունն արգելում է Նիկոլ Փաշինյանին նման որոշում կայացնելու»,-շենգավիթցիներին ասաց Անդրանիկ Թեւանյանը։
Նա վստահեցրեց, որ դաշինքն ընտրություններին մասնակցում է, որ վերջ դնի այս ոչ լեգիտիմ եւ հանցագործ իշխանությանը։ Նիկոլ Փաշինյանը խաբել է բոլոր հարցերում, նշեց Անդրանիկ Թեւանյանը, արագաչափերից սկսած, վերջացրած հոսանքի, գազի, ջրի սակագներով, բայց նրա գլխավոր խաբեությունը կապված է մեր երկրի անվտանգության հետ․ Փաշինյանը հարցականի տակ է դրել Հայաստանի Հանրապետության գոյությունը։
«Նիկոլ Փաշինյանը խոստովանում է, որ անգամ Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելով՝ չի կարողանում ապահովել Հայաստանի ու Արցախի անվտանգությունը։ Նիկոլ Փաշինյանը Ալիեւից է կադաստրի թուղթ ուզում»,-նկատեց դաշինքի առաջնորդը։
Պրահայում հենց Փաշինյանն է ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում, նշեց Անդրանիկ Թեւանյանը, դրանով իսկ ապահովելով Արցախի պաշարումը։ Նրա համոզմամբ, միայն Հայաստանի դեմքը փոխելով է հնարավոր բացել Հայաստանի ու Արցախի ճանապարհը։ Իշխանափոխությունը, նրա համոզմամբ, Հայաստանի ու Արցախի անվտանգության գլխավոր երաշխիքն է։ Մինչդեռ ընտրակեղծիքներն արդեն պատրաստվում են եւ դրա դեմն առնելու գլխավոր միջոցը քաղաքացիների ակտիվ մասնակցությունն է ընտրություններին, որպեսզի չկարողանան մարդկանց քվեն կեղծել։
«Մենք ձեզ կոչ ենք անում միանալ, որ փոխենք այս խայտառակությունը, այս ստի ու կեղծիքի իշխանությունը»,-հայտարարեց Անդրանիկ Թեւանյանը։
Նա փաստեց, որ մեր ռազմավարական դաշնակիցները չեն վստահում Հայաստանի օտարածին իշխանությանը, այդ պատճառով Հայաստանը մենակ է մնացել։ Միայն իշխանափոխության դեպքում կարելի է վերացնել ՀՀ անվտանգության սպառնալիքները։ Անդրանիկ Թեւանյանը պատկերավոր բացատրեց․ դավաճանությանը գումարում ենք տգիտությունն ու եսասիրությունը՝ ստանում ենք Նիկոլ Փաշինյան։ Հետեւաբար, պետք է Նիկոլին հեռացնել, որ Երեւանը Էրիվան չդառնա։