Կովկասյան ընձառյուծի որսագողությունը կտուգանվի 100 մլն դրամի չափով
Կովկասյան ընձառյուծի որսագողության պատժաչափը Հայաստանում 3 միլիոն դրամի փոխարեն դառնալու է 100 միլիոն ՀՀ դրամ: Այս մասին այսօր՝ մարտի 25-ին լրագրողների հետ զրույցում ասաց Բնապահպանության նախարարության կենսաբազմազանության և կենսաանվտանգության քաղաքականության բաժնի պետ Ոսկեհատ Գրիգորյանը` նշելով, որ նախագիծն այժմ մշակման փուլում է։
Նա հիշեցրեց, Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2019 թվականը հռչակել է Կովկասյան ընձառյուծի տարի, այդ պատճառով՝ այս տարի կկազմակերպվեն «Կովկասյան ընձառյուծ» խորագրով միջոցառումներ, որոնց միջոցով իրազեկելու են տվյալ տեսակի կենդանու պահպանության կարևորությունը:
«Բնության համաշխարհային հիմնադրամի» (WWF) հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանի խոսքով՝ Հայաստանի բոլոր արգելոցներում առկա է տեխնիկական զինվածություն, սակայն որսագողին ճանաչել տեսախցիկների օգնությամբ դեռ չի հաջողվում:
«Հայաստանում ունենք 20 խնամակալ ընձառյուծների համար: Ցավոք, մի քանի դեպք եղել է ընձառյուծի որսագողության: Թակարդներ են դնում, ու դա շատ վտանգավոր է նրանով, որ կարող է թակարդի մեջ ընկնել Կովկասյան ընձառյուծը, գուցե և ոչ որսորդի կամքով: Նրանց ապրելավայրերն են Արարատի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերը»,- ասաց Կարեն Մանվելյանը:
Մանվելյանի կարծիքով՝ միայն Հայաստանում պահպանության միջոցառումները բավարար չեն այս տեսակը ոչնչացումից փրկելու հաամր։ Հարևան երկրները նույնպես պետք է ջանքեր գործադրեն, քանի որ կենդանին, հատկապես ընձառյուծը, սահմաններ չի ճանաչում:
«Վեց երկրների տարածաշրջանային ռազմավարություն է մշակվել. Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի: Նախագիծը պատրաստ կլինի շուտով: Կարծում եմ՝ լավ պահպանության արդյունք է նաև այն, որ ընձառյուծը երկար ժամանակ մնաց Խոսրովի արգելոցում: Այն ժամանակ 1-2 կենդանի էր արգելոցներում, հիմա արդեն դրական արդյունք կա, 1000 բեզոարյան այծի առանձնյակ կար, հիմա՝ 3000-ից ավել առանձնյակ կա»,– ասաց նա:
Հիշեցնենք, որ 2018 թվականի գարնանը, «Խոսրովի անտառ» պետական արգելոցում Բնության համաշխարհային հիմնադրամի ֆոտոթակարդները առաջին անգամ արգելոցի պատմության մեջ նկարահանեցին կովկասյան ընձառյուծ։ Կենդանատեսակը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում և Բնության պահպանության միջազգային միության (IUCN) Կարմիր ցուցակում՝ «կրիտիկական» կարգավիճակով: Ներկայումս Հայաստանում հաշվառվում է 7-9 ընձառյուծ: