ԱՄԷ-ում օտարերկրացին ցմահ ազատազրկվել է ինքնաթիռի շարժիչը վնասելու փորձի համար
Ասիական երկրներից մեկի քաղաքացին ԱՄԷ-ում ցմահ ազատազրկվել է ինքնաթիռի շարժիչներից մեկի կառավարման սարքերը շարքից հանելու փորձի համար, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում կատարելով Gulf News պարբերականին:
Վճիռը կայացրել է Աբու Դաբիի դաշնային վերաքննիչ դատարանը:
Խոսքը վերաբերում է Airbus 330-300 ինքնաթիռին, որը պատկանում է ազգային ավիաընկերությանը, նշում է պարբերականը: Ավիաընկերության անունը, ինչպես նաեւ օդանավակայանը, որում կատարվել է ինքնաթիռի շարժիչը վնասելու փորձը, չի հաղորդվում:
Ինչպես գրում է պարբերականը, տղամարդը, որն ինքնաթիռների սպասարկման տեխնիկական աշխատող էր, դատապարտվել է ոչ արտոնագրված մուտքի եւ կառավարման էլեկտրոնային սարքերը վնասելու համար, ինչը կդառնար թռիչքից հետո ինքնաթիռի կործանման պատճառը:
Ըստ դատարանի վճռի՝ դատապարտյալի դրդապատճառը ահաբեկչությունն էր:
Բժշկական փորձաքննությունը ցույց է տվել, որ նա հոգեպես առողջ է: