Իսկ Սամվել Բաբայանը Նիկոլ Փաշինյանին ասելիք չունի՞. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Դեռևս մեկ ամիս առաջ գրել էինք, որ, մեր տեղեկություններով, Արցախի խորհրդարանում տեղի ունեցած քննարկման ժամանակ Սամվել Բաբայանը հայտարարել է, որ «ռամոչնի» (շրջանակային) փաթեթ է ուղարկել Ադրբեջանին։ Եվ ահա, նախօրեին նա հաստատեց, որ նման փաթեթ ուղարկել է, ինչը շատերի կողմից որակվեց որպես ինքնախոստովանական ցուցմունք, որը պետք է արժանանա իրավապահ համակարգի ուշադրությանը: Բաբայանը նաև պատմեց, թե ինչպես է «հերոսաբար» առաջիններից մեկը (ըստ որոշ տեղեկությունների, առաջին հարյուրյակում) դուրս եկել Արցախից՝ «սպարտիվկով», ադրբեջանցի ոստիկաններին ձեռքով բարևելով:
Խոսքը մի մարդու մասին է, որը ժամանակին ասում էր, թե վերջին մարդն ինքն է Արցախից դուրս գալու, այնինչ առաջիններից մեկը հասավ Հայաստան: Ու սա այն դեպքում, երբ նույն անցակետում ադրբեջանցիները ձերբակալել էին՝ իրենց որակմամբ, իբր «Բաբայանի վարորդին»: Այնինչ, նույն Բաբայանին, որը Ադրբեջանի կողմից հետախուզման մեջ էր՝ որպես «սեպարատիստների հերոս», հանգիստ թողնում են, որ անցնի սահմանը: Եթե հավելենք, որ երեկ հենց Հակարիի կամրջի վրա ադրբեջանցիները առևանգել են Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, ապա հարցերն ավելի շատ են դառնում, այդ թվում՝ ի՞նչ նպատակ ուներ Հ1-ով «անձնագիր չստուգելու» մասին հայտարարությունը, ի՞նչ սկզբունքով են ադրբեջանցիները կոնկրետ մարդկանց առևանգում, ո՞վ է նրանց հստակ ցուցակ տալիս, որտեղի՞ց և այլն...
Վերջապես, գլխավոր հարցը. Սամվել Բաբայանը մեղադրանքներ հնչեցրեց բոլորի մասին, բացի մեկ անձից՝ Նիկոլ Փաշինյանից: Հետաքրքիր է՝ Սամվել Բաբայանը ասելիք չունի՞ Փաշինյանին՝ առնվազն Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու, պատերազմի ժամանակ՝ նվազագույնն անգործության մասով...
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում