Մադուրոն պաշտպանության եւ անվտանգության խորհրդի աշխատանքը դարձրել է մշտական ռեժիմով
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն երեքշաբթի հայտարարել է, որ պաշտպանության եւ անվտանգության խորհուրդն անցնում է աշխատանքի մշտական ռեժիմի, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Որոշումն ընդունվել է, որպեսզի ամրապնդվի խաղաղությունը եւ առաջ ընթանանք վենեսուելական ժողովրդավարության ինստիտուտների ու մշտական պաշտպանության ուժեղացման առումով: Վենեսուելական պետությունը պետք է ժամանակին, հեղափոխական ուժով եւ տոկունությամբ արձագանքի մեր հայրենիքի, սահմանադրության եւ խաղաղության իրավունքի պաշտպանության անհրաժեշտությանը»,- պարզաբանել է իր որոշումը Մադուրոն: Նրա ելույթը հեռարձակվել է Twitter-ով:
Մադուրոն նաեւ հայտարարել է, որ երկրի ժողովուրդը հանդես է գալիս Ազգային ասամբլեայի արտահերթ ընտրությունների օգտին, որը դեռեւս վերահսկում է ընդդիմությունը: Հիմա այս մարմինը փաստացի հեռացված է երկրի քաղաքական կյանքին մասնակցությունից եւ փոխարինվել է Մադուրոյի նկատմամբ չեզոք Ազգային հիմնադիր ժողովով, որի ձեռքերում է կենտրոնացած ամբողջ օրենսդիր իշխանությունը:
Վենեսուելայում նախորդ խորհրդարանական ընտրություններն անցկացվել էին 2015 թվականին, ասամբլեայի գործող գումարման լիազորություններն ավարտվում են 2020 թվականի դեկտեմբերին: Ընդդիմությունը չի ճանաչում 2018 թվականի նախագահական ընտրությունների արդյունքները եւ պահանջում է անցկացնել պետության ղեկավարի արտահերթ ընտրություններ: