Ես այլ կերպ էի պատկերացնում ազգային անվտանգությունը, ինչպես պաշտպանել, ում հետ բարեկամություն անել, քան այս թիմը. Կարապետյան
«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանի հարցազրույցը Ռուսաստանում գործող «Նոյան տապան» թերթին (газета "Ноев Ковчег")
Արշակ Կարապետյանը նշում է, որ, խնդիր էր դրել իր առջև։ Հաշվի առնելով, որ ժողովրդական ալիքի վրա իշխանության եկած մարդիկ ոչ կոմպետենտ են, իսկ նրանցից բխող վտանգը լուրջ հետևանքներ կարող է ունենալ երկրի համար, դեռ 2018 թվականին վկաների ներկայությամբ Նիկոլ Փաշինյանին ասել է, որ նա չպիտի վարչապետ լինի։ «Քանի որ կարծում էի, որ այդ թիմը չի կարողանա գլուխ հանել, տեսնելով և հասկանալով սպասվող վտանգը, փորձել եմ թույլ չտալ այն սխալները, որ այսօր տեսնում ենք»,- նշում է Արշակ Կարապետյանը։
2021 թվականին պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվելուց մի քանի ամիս առաջ գեներալ մայորը նշանակվել էր ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի պաշտոնում, ասում է՝ ինքն է առաջ մղել իր թեկնածությունը՝ փաստարկելով, որ բանակը բարոյալքված է, կորցրել է բազմաթիվ ռեսուրսներ և փորձել ուժերի ներածին չափով աջակցել Հայկական բանակի վերականգնմանը, իսկ խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո համաձայնվել է պաշտպանության նախարար աշխատելու առաջարկին, քանի որ տեսնում էր Հայկական բանակի աղետալի վիճակը։ Հույս ուներ, որ կկարողանա, հնարավորություն կտան վերականգնել Հայկական բանակը, ընդ որում, ըստ Կարապետյանի, հենց իր մոտ սկսվեց դա ստացվել, անմիջապես հեռացրեցին բանակից։
Հարցին, թե պատրա՞ստ է արդյոք Հայաստանը դիմագրավել նոր պատերազմին՝ հատկապես Ադրբեջանի ղեկավարության ռազմատենչ հռետորաբանության պայմաններում, Արշակ Կարապետյանը նշում է, թե պետք է համեմատել Ադրբեջանի և Հայաստանի գործող իշխանություններին, արդյո՞ք ընդունակ են վերջիններս հաղթել «ադրբեջանական գայլերին», կրթված մարդկանց, որոնք քաղաքականությունից, տարածաշրջանային քաղաքականությունից և ազգային անվտանգությունից հասկանում են, ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի թիմի. դա նույնն է, որ փողոցի տղաների հավաքականը խաղա Բրազիլիայի հավաքականի հետ։
«Մեզ մոտ նման իրավիճակ է, դիմադրությունը պետք է կազմակերպել, իսկ կազմակերպողը պետք է լինի ընդունակ մարդ»,- նշում է Արշակ Կարապետյանն ու հավելում.
«Ես տեսել եմ մեր զինվորների, սպաների ընդունակութունը, մարդկանց, որոնց այսօր հետապնդում են տարբեր քրեական գործերով, իսկ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը Արցախը հանձնեց առանց ժողովրդի հետ համաձայնեցնելու»։
Հայկ Առաքելյան