Այն, ինչ այսօր տեղի ունեցավ Ալավերդի համայնքում, իշխանության զավթում է․ Արման Թաթոյան
Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Այն, ինչ այսօր տեղի ունեցավ Ալավերդի համայնքում, իշխանության զավթում է՝ քաղաքացիների կողմից անմիջականորեն ընտրված ներկայացուցչական մարմնին՝ ավագանուն և համայնքի ղեկավարի պաշտոնին ապօրինի տիրանալու միջոցով։
Սա ակնհայտ ոտնձգություն էր իր համայնքում իշխանություն ձևավորած ժողովրդի քաղաքական իրավունքների, ինչպես նաև տեղական ինքնակառավարման նկատմամբ։ Այն ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված է՝ որպես ժողովրդավարության էական հիմք և կազմում է սահմանադրական կարգի անբաժան մասը։
Սահմանադրական կարգի և քաղաքացիների հիմնարար իրավունքների նկատմամբ այս ոտնձգությունը տեղի ունեցավ Հայաստանում կառավարում իրականացնող կենտրոնական քաղաքական իշխանության անմիջական միջմատությամբ և ուղղորդմամբ։
Նախ, սկզբից մինչև վերջ Ալավերդի համայնքապետարանի շենքում, ավագանու աշխատանքներին մասնակցում էր, այդ թվում՝ նիստի և քվեարկության անցակացման վայրում, Ազգային ժողովի կառավարող խմբակցության պատգամավոր (օրենքի դրույթի ի չարը գործադրմամբ)՝ թույլ տալով իր լիազորություններից չբխող արարքներ։
Նա իր հանցավոր պահվածքով բացահայտ ցույց էր տալիս, որ կենտրոնական իշխանության ներկայացուցիչ է և վայելում է ոստիկանների հովանավորչությունը։
ԱԺ կառավարող խմբակցության պատգամավորն արհամարհական վերաբերմունքով անընդհատ ցուցադրում էր իր այդ առավելությունը (իրականում՝ թվացյալ) քվեարկության վայրում ներկա Ալավերդի համայնքի ղեկավարի, ավագանու անդամների և հանրության նկատմամբ՝ «մատ թափ տալով», պարբերաբար օգտագործելով արժանապատվությունը նվաստացնող արտահայտություններ, այդ թվում՝ հայհոյանքներ։
Դրանից բացի, ԱԺ կառավարող խմբակցության պատգամավորի այդպիսի վարքագիծը հաստատվում է նաև նիստի ավարտից հետո համայնքապետերանի շենքի դիմաց հավաքված քաղաքացիների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով, ինչպես նաև ոստիկանների և ՔՊ-ական ավագանու անդամների հետ անձնական ջերմ հարաբերությունների բացահայտ ցուցադրումով։ Ավելին, նա ներկա է եղել ինչպես նիստից առաջ, այնպես էլ նիստի ու քվեարկության ամբողջ ընթացքում, որով ոտնահարվել է քվեարկության գաղտնիության օրենքով սահմանված պահանջը։
Խիստ դատավարտելի է, որ համայնքապետարանի շենք էին բերվել ոստիկաններ ընդդեմ այն քաղաքացիների, ովքեր իրենց անմիջական քվեով Ալավերդիում ձևավորել են իշխանություն և իրենց սահմանադրական իրավունքներն իրացնելով՝ հավաքվել էին համայնքապետարանի շենքի մոտ։
Ակնհայտ էր նաև, որ ոստիկանները գործում էին կենտրոնական քաղաքական իշխանության «հրավերով»։ Այս մասին էր վկայում այն, թե ինչպես էին նրանք հովանավորում ԱԺ նշված պատգամավորի՝ օրենքը կոպիտ խախտող արարքները։ Նրանք, օրինակ, քաշքշում էին, անհանդուրժող ու կոպիտ էին ավագանու այն անդամների նկատմամբ, որոնք քաղաքական իշխանության մաս չեն կազմում։
Անգամ նիստի ավարտից հետո ոստիկաններն այնքան էին տարված քաղաքական իշխանության մաս կազմող ավագանու անդամների մասին «հոգ տանելով», որ նույնիսկ խոչընդոտում էին լրագրողների մասնագիտական աշխատանքը՝ թույլ չտալով հարցերով «անհանգստացնել» ավագանու անդամներին ու պատգամավորին։
Այդ ամենը ոստիկաններն անում էին տեղում անվտանգություն ապահովելու պատրվակով, բայց իրականում զբաղված էին կենտրոնական քաղաքական իշխանության ապօրինի արարքների բացահայտ հովանավորչությամբ։
Համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու հարցով հրավիրված նիստին մասնակցելու և նիստը վարելու իրավունք ունի այդ պահին համայնքի գործող ղեկավարը, ինչպես նաև ավագանու անդամները։ Սրանք օրենքով երաշխավորված քաղաքական իրավունքներ են, որոնք սահմանափակելու իրավասություն ոստիկանները չունեն, առավել ևս, երբ դա տեղի է ունենում քաղաքական իշխանության հրահանգով։
Այս ամենը վկայում է կենտրոնական քաղաքական իշխանության կողմից տեղական ինքնակառավարման ինքնուրույնության ոտնահարման, ինչպես նաև այդ համակարգի նկատմամբ ամբողջական վերահսկողություն հաստատելու մասին։