Չեմ կարծում, որ Գնել Սանոսյանը սուտ է խոսում, մնում է այն, որ նախարարը չի տիրապետում իր ոլորտի գլխավոր օրենքին․ Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Այն, որ Ալավերդու ՔՊ խմբակցությունը չի տիրապետում ՏԻՄ օրենքի պահանջներին, զարմանալի չէ։ Բայց որ նման մակարդակի գիտելիքներ ունի Տարածքային կառավարման նախարարը, մեղմ ասած, ողբերգություն է։
Այսօր Գնել Սանոսյանն ասում է, որ Ալավերդու երեկվա նիստի ընթացքում որևէ օրենք չի խախտվել։
Եվ այսպես, նիստը սկսվել է 10։00՝ առանց համայնքի ղեկավարի ներկայանալու։ Համայնքի ղեկավարը նիստերի դահլիճ է մտել 10։27, որից հետո ոստիկանության զորքերի կողմից բռնությամբ դուրս է բերվել դահլիճից։
Եվ այսպես, ՏԻՄ օրենքի 64-րդ հոդվածի 3-րդ մասը հստակ սահմանում է՝ եթե կես ժամվա ընթացքում նիստին չի ներկայանում համայնքի ղեկավարը կամ նրա առաջին տեղակալը, ապա նիստը վարողի չներկայանալու մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում են ավագանու նիստին ներկայացած անդամները, որից հետո նիստը վարում է ավագանու նիստին ներկա տարիքով ավագ անդամը:
Այսինքն, ավագանու անդամները պարտավոր էին սպասել կես ժամ, որից հետո նոր սկսել նիստը։
Չեմ կարծում, որ Գնել Սանոսյանը սուտ է խոսում, մնում է այն, որ նախարարը չի տիրապետում իր ոլորտի գլխավոր օրենքին։