Կապահովվի ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կենսաթոշակի, նպաստների և պարգևավճարի վճարումը
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց 2023 թ. կենսաթոշակի, նպաստների և պարգևավճարի վճարումն ապահովելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ հատկացնելու նպատակով կառավարությունն ընդունել է որոշում: Ըստ այդմ՝ առաջարկվում է սահմանված ժամանակահատվածում վճարվելիք կենսաթոշակի, պարգևավճարի, պատվովճարի, ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների, չաշխատող անձի մայրության նպաստի, երեխայի ծննդյան միանվագ նպաստի իրավունքի իրացման համար հատկացնել անհրաժեշտ ֆինանսական միջոցներ՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացված ֆինանսական միջոցների հաշվին: Ըստ հիմնավորման՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակ կամ նպաստ նշանակվելու է 11.12.2023թ.-ից ներկայացրած դիմումների հիման վրա:
Ընդ որում, պարբերական վճարների դեպքում՝ վճարվելու են 2023 թ. հոկտեմբերի 1-ից: Պարբերաբար վճարվող այն վճարները՝ կենսաթոշակները, պատվովճարները, պարգևավճարները, ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստները, որոնք ԼՂ-ից բռնի տեղահանվածներին նշանակվելու են առաջին անգամ, ինչպես նաև մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը 2023 թ. դեկտեմբերին ներկայացված դիմումների հիման վրա վճարվելու են 2024թ. հունվարին: Ընդ որում, 2024թ. հունվարի գումարի հետ կվճարվի նաև նախորդ ամիսների գումարները:
Այդ բոլոր կարգավորումները նախատեսված են ՀՀ օրենսդրությամբ և կիրառվում են բոլոր դեպքերում: Սա նշանակում է, որ որոշմամբ առաջարկվող գումարներն ուղղվելու են բացառապես այն պարբերական գումարների վճարմանը, որոնք նշանակվել և վճարվել են ԼՂ-ում: Միանվագ բնույթի վճարները 2023 թվականին կվճարվեն ըստ նշանակումների, որոնք կկատարվեն ներկայացված դիմումների հիման վրա:
Այսինքն՝ չաշխատող անձի մայրության նպաստը և երեխայի ծննդյան միանվագ նպաստը 2023թ. դեկտեմբերին կվճարվեն, եթե ներկայացվի դիմում և նշանակվի նպաստ: