Թրամփի մասնակցությունը «Մեծ յոթնյակի» գագաթաժողովին հարցականի տակ է
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի հաստատել, որ կմասնակցի «Մեծ յոթնյակի» գագաթաժողովին, որը տեղի կունենա ֆրանսիական Բիարից քաղաքում օգոստոսին, տեղեկացնում է Reuters-ը՝ հղում կատարելով ֆրանսիացի պաշտոնյային։
G7-ի արտգործնախարարների հանդիպումը, որը տեղի ունեցավ այս տարի Բրիտանիայում, մթագնվեց ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի որոշմամբ՝ չմասնակցել դրան, ինչն ընդգծեց, թե որքան դժվար է փոխըմբռնման հասնել դաշնակիցների միջեւ G7-ի ամենամյա գագաթաժողովում։
Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի կողքին խմբում են Ճապոնիան, Գերմանիան, Իտալիան, Կանադան եւ Եվրամիությունը։
Նախօրեին Թրամփը հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ՝ ժամանելով Ֆրանսիա Երկրորդ համաշխարհայինի ժամանակ Նորմանդիայում դաշնակիցների ափհանման տարեդարձի առիթով։
Մակրոնը եւ Թրամփը բարդ հարաբերություններ ունեն առեւտրին Վաշինգտոնի միակողմանի մոտեցման, կլիմայի փոփոխության եւ Իրանի միջուկային գործարքի տարակարծությունների պատճառով։
Հինգշաբթի Թրամփը խոսել է «հիանալի» հարաբերությունների մասին, Մակրոնն իրենց կապը բնութագրել է որպես «չափազանց ամուր»։
Բայց դեռեւս պարզ չէ՝ կմասնակցի՞ արդյոք Թրամփը այս տարի G7-ի գագաթաժողովին։
«Դուք պետք է հարցնենք նրան (Թրամփին)։ Մեզ համար կարեւոր է, որպեսզի նա լինի Բիարիցում, եւ մենք հույս ունենք, որ նա կլինի այնտեղ»,- ասել է պաշտոնյան։
2018-ին Թրամփը ձախողեց մյուսների ջանքերը՝ հանդես գալ միասնական ճակատով, ժամկետից շուտ հեռանալով, հրաժարվելով ստորագրել համատեղ կոմյունիկեն եւ քննադատելով հանդիպման հյուրընկալողին՝ կանադական կողմին։