Հնդկաստանում շահագործման են հանձնել լողացող արևային էլեկտրակայանը
Հնդկական պետական Bharat Heavy Power Co ընկերությունը հայտարարել է Հնդկաստանում խոշորագույն լողացող արևային էլեկտրակայանի շահագործման հանձման վերաբերյալ։ 25 մեգավատ հզորությամբ նախագիծը զբաղեցնում է 100 ակր տարածք և գտնվում է Սիմ Հադրա ջերմաէլեկտրակայանի ջրամբարի վրա։
Էլեկտրակայանը կարող է ոչ միայն մաքուր էլեկտրաէներգիա արտադրել, այլ նաև նվազեցնել ջրի գոլորշիացումը՝ պաշտպանելով ջրային մակերեսը։ Իր հերթին, քանի որ ջուրը սառեցնում է արևային վահանակները, էլեկտրակայանը կարողանում է ավելի մեծ հզորություններ ապահովել, քան ավանդական վերգետնյա արևային նախագծերը։
Հնդկական ընկերությունը հայտարարել է, թե նորարարական լողացող զանգված են ստեղծել, որը համապատասխանում է բոլոր առանցքային չափորոշիչներին և չի դիպչում ջրամբարի պատերին, ինչպես նաև հատակին իր հիմնային կմախքով։ Սա չափազանց առանցքային նշանակություն ունի հատկապես բարձր լեռնային տարածքների և փոքր ջրամբարներով հարուստ երկրների համար, մասնավորապես դա նաև կարող է օգտակար լինել Հայաստանի Հանրապետության պարագայում։ Մեր երկիրն էլ ունի փոքր ջրամբարներ և նման լողացող էլեկտրակայանները կարող են իսկապես լուրջ աջակցություն լինել էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում։ Այս պահին Հայաստանն արևային վահանակներ արտադրող միայն մեկ ընկերություն ունի՝ «Սոլարոնը»։
Մանե Անանյան