Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստը. ի՞նչ է կատարվել
Գագիկ Խաչատրյանը դատարան է ներկայացել անվասայլակով՝ շտապօգնության աշխատակիցների ուղեկցությամբ։
Խոսելով իր՝ այդ վիճակում դատական նիստերին մասնակցելու վերաբերյալ՝ Գագիկ Խաչատրյանն ասել է, որ երկու խնդիր է այդկերպ փորձում լուծել։ Նախ ապացուցել իր անմեղությունը, ցույց տալ՝ ով է մեղավոր և ով՝ ոչ և ապա` բուժումն արտասահմանում շարունակելու հնարավորություն ստանալ։
ՊԵԿ նախկին նախագահի փաստաբանները ցանկանում էին Գագիկ Խաչատրյանին բուժման նպատակով Գերմանիա մեկնելու թույլտվության միջնորդություն ներկայացնել դատարան։ Սակայն մեղադրող կողմն ամեն ինչ անում էր, որպեսզի նշված միջնորդությունը ներկայացվի վկաների հարցաքննությունից հետո։
Մեղադրող և պաշտպանող կողմերի դատական վիճաբանության արդյունքում Գագիկ Խաչատրյանների փաստաբանները մեղադրողին բացարկ հայտնելու միջնորդություն ներկայացրեցին, որը, սակայն, դատարանի կողմից մերժվեց։
Մոտ երկու ժամ տևած դատական նիստի ընթացքում Գագիկ Խաչատրյանի ինքնազգացողությունը մի քանի անգամ վատացել է, որի պատճառով նիստը պարբերաբար ընդհատվում էր։ ՊԵԿ նախկին նախագահի գործով հաջորդ նիստը նշանակվեց փետրվարի 13-ին։