Փաշինյանն ազդարարեց հեղափոխության վախճանը
Ամանորի առաջին օրերին Նիկոլ Փաշինյանը այցելեց Լոռիի, Արմավիրի մարզի կառուցվող/ վերակառուցվող դպրոցներ, բացահայտեց թերություններ, պոկեց, վնասեց գույք, հրապարակավ ստորացրեց, ծաղրեց իր ենթականերին, որոնցից երեքին պաշտոնանկ արեց: Արմեն Ղուլարյանն ազատվեց քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնից, Արամ Խաչատրյանն ազատվեց Լոռու մարզպետի պաշտոնից, Էդվարդ Հովհաննիսյանն ազատվել է Արմավիրի մարզպետի պաշտոնից:
Գրեթե բոլոր ոլորտներում նույն անտերությունն է, նաև՝ Զինված ուժերում, բանակում, որտեղ ոչ կանոնադրական հարաբերությունների հետևանքը դառնում են մարդկային զոհերը: Բայց, օրինակ, Սուրեն Պապիկյանը պատասխանատվության չենթարկվեց, երբ անցած տարի 15 զինծառայող ողջակիզվեց:
Տպավորություն է, որ Փաշինյանը տարվա սկզբից մտել է «խիստ ղեկավարի» դերի մեջ, որովհետև կոնկրետ կադրերից ազատվելու խնդիր ունի:
Գուցե նաև ոչ պաշտոնական քարոզարշավի մեկնարկն է տվել: ՔՊ-ն ինչքան էլ հերքի՝ արտահերթ ընտրություններ Փաշինյանին պետք են՝ առնվազն երկու խնդիր լուծելու համար:
Այլ խնդիր է, որ նա Հայաստանի սուբյեկտությունն այնքան է մսխել, որ արտահերթ ընտրությունների բարեհաջող ելքի համար արտաքին երաշխիքներ են պետք, որոնք ստանալ Փաշինյանն առայժմ չի կարողացել:
Իսկ եթե ավելի կոնկրետ ամփոփենք Փաշինյանի տարեմուտի արձանագրումները, ապա դրանք երեք բանի մասին են՝ նա չի կարողացել վեց տարվա ընթացքում ստեղծել կառավարման արդյունավետ համակարգ, կադրային քաղաքականությունը խայտառակ վիճակում է, կոռուպցիան, կարճ նահանջից հետո, վերադարձել է պետական համակարգ:
Ստացվում է՝ Փաշինյանի կառավարման «չոր արդյունքը» մնացել են Արցախի կործանումը, Հայաստանի անվտանգային համակարգի խարխլումը:
Վահրամ Բագրատյան