Հայաստանն արագացված տեմպերով գնում է դեպի բռնապետություն
Երևանի ավագանու ընդդիմադիր անդամի շուրջ վերջին օրերին ստեղծված իրավիճակը վկայում է, որ Հայաստանն արագացված տեմպերով գնում է դեպի բռնապետություն։ «Մայր Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել ավագանու անդամ Նարինե Հայրապետյանի հետ կատարված միջադեպի՝ Հայաստանից հեռանալու վերաբերյալ։ Ընդհուպ այս դեպքում բոլոր դետալները չեն, որ բացահայտված են, կան, իհարկե, որոշակի կասկածելի տվյալներ։
Հայրապետյանը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն, որ իրեն առևանգել են ու իր հասարակական, քաղաքական գործունեության հետ կապված ճնշումներ կիրառել, զգուշացրել են՝ «չափերի մեջ մնալ» ու դադարեցնել կոշտ քննադատությունը։ Ոստիկանություն դիմելուց հետո Հայրապետյանը լքել է Հայաստանը, մի քանի օր նրա հետ կապ չի եղել, ապա, կապի դուրս գալով, նա տեղեկացրել է, որ երկրից դուրս է եկել, քանի որ իր դեմ ճնշումներ են բանեցրել նաև ոստիկանությունում՝ ստիպելով հրաժարվել իր ցուցմունքից և նոր ցուցմունք տալ։ Եթե, իսկապես ոստիկանությունում ճնշումներ են գործադրվում ընդդիմադիր գործչի նկատմամբ և նման պարտադրանք են ներկայացվում, ապա դա առաջին հերթին, հենց գործող իշխանությունների խարանն է։
Ի վերջո, օրենքի գերակայության մասին խոսող Նիկոլ Փաշինյանն ու նրա վարչախումբը, իրենք առաջին հերթին պետք է շահագրգռված լինեն օրենքի կետը, ազատ խոսքն ու մարդու իրավունքները պահպանելու հարցում, սակայն ոչ միայն ընդդիմադիր ավագանու անդամի, այլ նաև բազմաթիվ այլ դրվագներով կարելի է ցուցանել, որ գործող իշխանությունները երկիրը տանում են բռնապետության ճանապարհով և հասել են մի այնպիսի կետի, որ նույնիսկ մեղադրանքը, որը կարող է ընդհուպ կեղծ լինել, հանրության մեջ այլևս դիտարկվում է որպես իրականություն։
Ցանկացած պարագայում իշխանությունը ոչ միայն պետք է արագ հետաքննի և պատժի մեղավորներին, այլ նաև հանրությանը տարբեր դրվագներով համոզի, որ Հայաստանը բռնապետության վերածելու միտք չունի։
Նունե Մինասյան