Ինչո՞ւ Ադրբեջանի դեպքում եվրոպական «մտրակը» չի գործում․ «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Երբ 2020 թվականին Ադրբեջանը ագրեսիվ պատերազմ սանձազերծեց Արցախի դեմ, միջնորդ երկրները լուռ հետևում էին իրադարձություններին այն դեպքում, երբ Արցախյան հակամարտության կարգավորման երեք սկզբունքներից մեկը վերաբերում էր ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման անթույլատրելիությանը։ ԵՄ-ն ու Ֆրանսիան ի վիճակի չեղան կանգնեցնել պատերազմը։ Իսկ կարո՞ղ էին։ Միանշանակ կարող էին, եթե գործի դրվեին թեկուզ հենց տնտեսական լծակները։ Գաղտնիք չէ, որ Ադրբեջանի եկամուտների գերակշռող մասը գալիս է էներգակիրների վաճառքից։ Ու եթե Բաքուն զրկվեր եկամուտներից ու, հետևաբար, նաև դրա միջոցով նոր սպառազինություններ ձեռք բերելու հնարավորությունից, ապա կգար կառուցողական դաշտ։ Բայց ոչ միայն գործուն քայլեր չձեռնարկվեցին, այլև ԵՄ-ն պատերազմից հետո որոշ ուղղություններով անգամ խրախուսում էր Ադրբեջանին։ Ժողովրդավարությունը և մարդու իրավունքները ոտնատակ տված Ալիևը պատկառելի հյուր էր Եվրոպայում։
Փաստացի, ԵՄ-ի համար առաջնահերթ նշանակություն ձեռք բերեցին գազն ու նավթը, քան իր որդեգրած արժեքները։ Դրանով էր պայմանավորված, որ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարում էր, թե Ադրբեջանն իրենց համար վստահելի գործընկեր է։ Ավելին, Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների ֆոնին Եվրոպայից ուղղակի խնդրում էին, որ Ադրբեջանը կրկնակի ավելացնի գազի մատակարարումները դեպի Եվրոպա։ Ու հաշվի չէր առնվում նաև այն հանգամանքը, որ ռուսական գազը ադրբեջանականի անվան տակ կարող է ավելի թանկ գնով հայտնվել Եվրոպայում, ինչպես որ հիմա տեղի է ունենում։ Մարդու իրավունքների և ազատությունների «ջատագով» Եվրոպան համապատասխան գործողություններ չձեռնարկեց նաև այն դեպքում, երբ Ադրբեջանը տոտալ շրջափակման մեջ էր պահում Արցախը՝ արցախահայությանը դատապարտելով սովի։
Նույն իրավիճակն ունեցանք նաև Արցախի բռնի հայաթափման դեպքում։ Այնինչ, ժողովրդական խոսքով ասած, Եվրոպայի «ձեռքը քարի տակ չէր»։ Եվրոպական համայնքը տիրապետում է հիմնական լծակներին, որոնք գործի դնելու դեպքում ռեալ հնարավորություն կար Ադրբեջանին սանձահարելու։ Մի քանի տնտեսական պատժամիջոցները բավական էին Ալիևի ռեժիմի վարքագծի վրա ազդելու համար։ Մամուլում բազմաթիվ սկանդալային հրապարակումներ են եղել այն մասին, թե ինչպես է լվացված փողերը Ալիևների ընտանիքը տեղափոխում Եվրոպա, մասնավորապես Լոնդոն։ Եվ Ալիևին հարված կլիներ այն, երբ իր և իր հետ փոխկապակցված անձանց միջոցները Եվրոպայում կալանքի տակ հայտնվեին։ Բայց Ադրբեջանի իրագործած միջազգային հանցագործություններն աչքաթող անելուց հետո հանկարծ Եվրոպան «արթնացել է քնից» և որոշել է մի փոքր նախաձեռնողականություն ցուցաբերել։ Այն էլ՝ պայմանավորված է նրանով, որ Ալիևը հրաժարվում է եվրոպական հարթակներում ԵՄ-ի միջնորդությամբ բանակցելուց ու տարածքային պահանջներ է ներկայացնում Հայաստանի նկատմամբ։
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարում է, որ Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում անթույլատրելի է և լուրջ հետևանքներ կունենա Ադրբեջանի հետ ԵՄ-ի հարաբերությունների վրա: Մյուս կողմից էլ՝ ԵԽԽՎ-ում ընդամենը մեկ տարով դադարեցնում են ադրբեջանական պատվիրակության գործունեությունը։ Այնպիսի տպավորություն է, որ Եվրոպայից սպասում են, որ Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա, որից հետո միայն սկսեն մտածել, թե ինչ կոնկրետ քայլեր կարելի է ձեռնարկել կամ չձեռնարկել։ Այնինչ, ներկա փուլում կարելի է քայլեր նախաձեռնել նաև Հայաստանին աջակցելու միջոցով։ Ֆրանսիան որոշակի սպառազինություններ է մատակարարում Հայաստանին, բայց դրա էֆեկտիվությունն այնքան ցածր է, որ նույնիսկ Ուկրաինայում էին հրաժարվել դրանք ընդունել։ Եվ, օրինակ՝ ֆրանսիական արտադրության մի քանի «Բաստիոն» զրահամեքենաներով ուղղակի անհնար է ռազմավարական և մարտավարական փոփոխություն արձանագրել։
Եվրոպական երկրներն ինտենսիվորեն ստրատեգիական նշանակություն ունեցող սպառազինություններ են մատակարարում Ուկրաինային, իսկ ի՞նչն է խանգարում դա կատարել նաև Հայաստանի դեպքում, եթե Բրյուսելում ու Փարիզում իրոք մտահոգված են Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանմամբ։ Վերջապես, եթե «զենքի գործոնը» լավագույն լուծումը չեն համարում Եվրոպայում, կարող են ուղղակի կանխել Ադրբեջանի նոր հարձակումը Հայաստանի վրա։ Ինչո՞ւ պատժամիջոցներ չեն սահմանում Ադրբեջանի նկատմամբ՝ մանավանդ երբ կան դրա համար բոլոր հիմքերը։ Հենց սա է ամբողջ խնդիրը։ Այլապես ստացվում է, որ եթե Եվրոպայից չեն կարողանում կանխել Հայաստանի վրա ադրբեջանական հարձակումը, ապա հետագայում ևս չեն կարողանա կանգնեցնել ռազմական գործողությունները։ Այլ հարց է, որ այսպիսի քաղաքականության միջոցով նրանք ուղղակի իրենց շահերի համար թնդանոթի միս են դարձնում Հայաստանին։ Ուստի Հայաստանում ինչքան էլ դժգոհ լինեն Ռուսաստանից, պետք է գիտակցեն, որ Ռուսաստանից «խռովելն» ու բացառապես Եվրոպայի կողմ նայելը ավելի վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ մեր երկրի համար։
ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում