ՔՊ-ում Փաշինյանի ելույթը չեն լսել
Երեկ՝ Հայոց բանակի կազմավորման 32-րդ տարեդարձին նվիրված միջոցառման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «նախքան «խաղաղության պայմանագրի» ստորագրումը մենք սահմանի դեմիլիտարիզացիա», այսինքն՝ «ապառազմականացում ենք առաջարկել Ադրբեջանին»։
«Նաև սպառազինությունների փոխադարձ վերահսկման մեխանիզմ, նաև չհարձակման մասին պայմանագրի ստորագրում, եթե կպարզվի, որ խաղաղության պայմանագրի ստորագրումը սպասվածից ավելի երկար ժամանակ է պահանջելու»,- նշեց Փաշինյանը։
Արդյո՞ք մենք կարող ենք նման քայլի գնալ՝ հաշվի առնելով Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններն ու խաղաղության օրակարգի սեփական՝ ծավալապաշտ տարբերակի առաջ մղումը։ Եվ ընդհանրապես, ինչպե՞ս մենք կարող ենք նման քայլի գնալ՝ հաշվի առնելով պատմության դասերը, թեկուզ ոչ մեր օրինակով։ Հիշեցնենք, 1939 թվականին էլ չհարձակման պայմանագիր կնքվեց Նացիստական Գերմանիայի և ԽՍՀՄ-ի միջև։ Դրանից երկու տարի անց Ադոլֆ Հիտլերի կառավարությունը խախտեց այն` ներխուժելով Արևելյան Լեհաստան։
Ինչևէ, պատմությունը մի կողմ թողնելով, MediaHub-ը փորձեց հասկանալ, թե ինչ կարծիք ունեն այս հայտարարության մասին թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխանական պատգամավորները։
Ընդդիմությունից մեզ ասացին, որ անիմաստ բառակույտը մեկնաբանելու ցանկություն այս պահին չունեն, և ընդհանրապես, Նիկոլ Փաշինյանի խոսքերը մեկնաբանելն անշնորհակալ գործ է։
Իշխանությունից էլ մեր զանգին պատասխանեց միայն ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը։ Նա նշեց, որ ծանոթ չէ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։
Հարցին, թե ինչպե՞ս, երեկ չի՞ մասնակցել բանակի օրվան նվիրված միջոցառմանը, Մելքոնյանը պատասխանեց՝ ոչ։
Իսկ թե ինչու, պատգամավորը չպատասխանեց, այլ նախընտրեց անջատել հեռախոսը։ Եթե Մելքոնյանն անջատեց, ապա ՔՊ-ական մյուս պատգամավորներն անգամ զանգերին չպատասխանեցին։
Նարե Գնունի