ՍԴ դատավորի թեկնածությունն առաջադրելու են դատավորները. ՔՊ-ն պատրաստվում է
Սահմանադրական դատարանի դատավոր Արայիկ Թունյանի հրաժարականից հետո թափուր մնացած տեղի համար թեկնածու պետք է առաջադրի դատավորների ընդհանուր ժողովը։ ՍԴ դատավոր դառնալու համար դիմել են 4 դատավորներ, սակայն դատական համակարգում, մեր աղբյուրների փոխանցմամբ, դատավորներն ավելի շատ հակված են այդ պաշտոնում առաջադրելու Երևան քաղաքի դատավոր Դավիթ Բալայանի թեկնածությունը։ Վերջինս, ի դեպ ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանի որդին է։
Մեկ այլ թեկնածու էլ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եղբայրն է՝ Դավիթ Խաչատուրյանը, որն էլ հենց վայելում է գործող իշխանությունների բուռն աջակցությունը։ Ի վերջո, որքան էլ թեժ լինի դատավորների ընդհանուր ժողովի որոշումը և նույնիսկ եթե թեկնածությունն ուղարկեն Ազգային ժողով, ապա ամբողջ խնդիրն այն է, որ գործող իշխանությունները, ի դեմս Ազգային ժողովի մեծամասնություն ունեցող «Քաղպայմանագրի», անպայման հարամելու են Սահմանադրական դատարանի դատավորի ընտրությունը, եթե թեկնածուն իրենց սրտով չլինի։
Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանն անձամբ է մի քանի դատավորների և դատարանների նախագահների տեղեկացրել նման հանգուցալուծման մասին, խնդրել, հորդորել, որպեսզի դատավորների միջոցով կարողանան ապահովել Դավիթ Խաչատուրյանի առաջադրումը։ Անդրեասյանն, ի դեպ անձնական շահագրգռություն ունի այս հարցում, Դավիթ Խաչատուրյանը նախկինում ԲԴԽ անդամ էր և լուրջ հակասություններ ուներ Կարեն Անդրեասյանի հետ և այժմ Անդրեասյանն ուզում է Խաչատուրյանին Սահմանադրական դատարան գործուղելով՝ զրկվել մեկ ազդեցիկ մրցակցից։
Էրիկ Մարգարյան