Վարչախումբը տոներն անում է նեղ կազմով
44-օրյա պատերազմից հետո Հայաստանի իշխանությունները հնարավորինս փորձում են խուսափել ցանկացած պետական կարևոր տոն նշելուց, իսկ Եռաբլուր այցերն իրականացնում են բացառապես ծայրահեղ գաղտնիության պայմաններում, անվտանգության այնպիսի ուժերով, որպեսզի հանկարծ որևէ զոհված զինծառայողի կամ ազատամարտիկի հարազատ չկարողանա մոտենալ Փաշինյանին և նրա դեմքին ասել, թե ինչ է մտածում։
Երեկ հերթական անգամ Նիկոլ Փաշինյանը պետության բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն, ծաղիկներ է խոնարհել Սպարապետի, գեներալ Անդրանիկի շիրիմներին, նաև ծաղկեպսակ դրել։ Տարածքը, ինչպես միշտ, փակ է եղել լրագրողների համար։ Դրանից հետո տոնական միակ միջոցառումը, որ պետական մակարդակով տեղի է ունեցել, համերգ ու պաշտոնական միջոցառումն էր Օպերայի թատրոնում, ընդ որում կրկին անվտանգության չափազանց խիստ միջոցառումների պայմաններում։
Տպավորություն է, որ գործող իշխանությունները նույնիսկ պետական տոները նշում են դժկամությամբ, չեն ցանկանում որևէ կերպ առնչություն ունենալ Հայաստանի կարևորագույն պետական տոների հետ, վերջերս էլ մի քանի անգամ, պատերազմից հետո, պետական որևէ ներկայացուցչական մակարդակով չեն նշել ո՛չ Հանրապետության օրը, ո՛չ էլ Անկախության օրը։
Իշխանությունը մի կողմից մտավախություն ունի, որ տոները մեծ շուքով, կամ որևէ կերպ պատշաճ տոնելու դեպքում, իշխանության տարբեր ներկայացուցիչներին և առաջին հերթին Նիկոլ Փաշինայնին հարցեր են տալու չափազանց տհաճ, ինչն օբյեկտիվ է, մյուս կողմից Հայաստանի և պետականության արժեքների դեմ գործող իշխանությունների սկսած արշավը հենց տեղավորվում է այս տրամաբանության մեջ. պետությանը, քաղաքացուն զրկել տոներից, հիշատակի օրերից, զրկել հիշողությունից, որպեսզի ավելի հեշտ լինի կառավարել և գցել արտաքին կառավարման տակ։
Արամ Բեգլարյան