Նիկոլ Փաշինյանի հրեշավոր երազանքը
Իշխանությունների հետևողական պայքարը Հայոց պատմության, անցյալի, Հայ Առաքելական եկեղեցու, հայկական ինքնության դեմ արդեն ստանում է ինստիտուցիոնալ դրսևորում՝ ի դեմս նոր Սահմանադրության ընդունման նախաձեռնության։ Եվ մինչ իշխանության քարոզիչներն անվստահ առոգանությամբ փորձում էին համոզել, թե նոր Սահմանադրության ընդունումը կապ չունի Ադրբեջանի ու Թուրքիայի պահանջների հետ (թեև այդ երկրների ղեկավարները բազմիցս և ուղիղ տեքստով նման պահանջ են հնչեցրել), Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ՝ այո, Ադրբեջանը Հայաստանի Սահմանադրության հետ կապված մտահոգություններ հայտնել է։
Այսինքն՝ պաշտոնապես հաստատվեց, որ ինքնիշխան Հայաստանը սեփական Սահմանադրությունն ամբողջովին փոխում և ընդունում է այլ երկրի պահանջով։
Իսկ ինչո՞ւ է Ադրբեջանին ու Թուրքիային անհրաժեշտ ոչ միայն՝ անդեմ ու անատամ, որևէ տեսլականից զուրկ ՀՀ Սահմանադրություն, այլ, որպեսզի հայ հասարակությունը զրկվի իր ինքնությունից, երեխաներին չուսուցանեն Հայոց պատմություն, Հայ Առաքելական եկեղեցին չունենա իր դերը հավատացյալ ժողովրդի համար, այն դեպքում, երբ Հայաստանի գործող իշխանության շնորհիվ նրանք հասել են իրենց գոնե միջնաժամկետ բոլոր նպատակներին։
Խնդիրն այն է, որ Ադրբեջանի ու Թուրքիայի համար վտանգավոր է ոչ թե այսօրվա, այլ անցյալի ու ապագայի Հայաստանը։ Նրանք ներկայիս Հայաստանից ոչ մի սպառնալիք չեն զգում, քանի որ նրա ղեկավարությունը հերթով կատարում է իրենց բոլոր պահանջները։ Ադրբեջանը խնդիրներ ունի՝ Հայաստանի վաղ անցյալի, իսկ Թուրքիան՝ Հայոց ողջ պատմության հետ։
Թույլ Հայաստանը նրանց չի բավարարում, անհրաժեշտ է ոչ միայն թույլ, այլ նաև անանցյալ Հայաստան։ Ահա այդ իմաստով՝ խնդիր չունենալով Հայաստանի ներկայիս վարչախմբի հետ և պահանջելով խեղել Հայաստանի անցյալը, Ադրբեջանը պայքարում է ապագա Հայաստանի դեմ։ Եվ պատահական չէ, որ պահանջվում է ապագայի դեմ պայքարը սկսել անցյալից, քանի որ հենց անցյալում, պատմության մեջ են աղբյուրները, որոնք իրադարձությունների այս կամ այն զարգացման դեպքում կարող են հասարակության ու պետության համար վերածննդի հիմք դառնալ։
Իրականում Ադրբեջանի խնդիրը զուտ Հայաստանի Սահմանադրությունից Անկախության հռչակագրի դուրսբերումը չէ, որը իբրև թե պետք է երաշխավորի տարածքային նկրտումների բացակայությունը, ինչպես պնդում է Նիկոլ Փաշինյանը։
Ադրբեջանին ու Թուրքիային անհրաժեշտ է, որ հայկական ինքնությունը խեղվի այնպես ու այնքան, որպեսզի սեփական պատմության ու հիշողության մեջ ապագա սերունդները չգտնեն արժեքային, բարոյական այնպիսի կռվաններ, որոնք նրանց կարող են ստիպել Անկախության հռչակագիրը վերականգնել ոչ թե՝ զուտ որպես իրավական փաստաթուղթ, այլ՝ իրագործել դրանում արտահայտված նպատակները։ Հենց դրանով է պայմանավորված «Ապագա կա» խոստացող Հայաստանի իշխանության կատաղի պայքարը Հայաստանի անցյալի դեմ։
Արցախի հանձնումը, Հայաստանի պարտությունը՝ իր ողջ ողբերգականությամբ հանդերձ, պատմական ընթացքի տեսանկյունից շրջելի է։ Համակարգերի տեսության, ժամանակակից մի շարք այլ գիտակարգերի շրջանակներում լրջորեն ուսումնասիրված է, այսպես կոչված, «վնասից՝ օգուտ ստանալու» հայեցակարգը։
Ընդհանուր առմամբ դրա հիմքում ընկած է կանխավարկածը, որ համակարգի (այդ թվում՝ պետության) որևէ բաղադրիչի վնասից նույն այդ համակարգը կարող է օգուտ ստանալ, ինչը գիտական տերմինաբանությամբ կոչվում է համակարգի հակափխրունության հատկություն։ Բայց այդ՝ վնասից օգուտ ստանալու ֆենոմենի համար անհրաժեշտ պայման է, որպեսզի համակարգի մյուս՝ վնաս չստացած հատվածները պահպանեն կենսունակությունը՝ դրանով նպաստելով վնասված մասի, այդպիսով նաև՝ համակարգի ամբողջականության վերականգնմանը։ «Վնասից՝ օգուտի» տեսությունը պատկերավոր ներկայացնելու համար հղում է կատարվում հունական դիցաբանությունից հայտնի Հիդրայի ֆենոմենին։
Ամեն անգամ, երբ կտրում են մի քանի գլուխ ունեցող օձանման այդ արարածի մի գլուխը, դրա փոխարեն՝երկուսն է աճում։ Այնքան ժամանակ, մինչև Հերակլեսը հաղթում է Հիդրային՝ կտրելուց հետո անմիջապես այրելով գլուխների տեղում առաջացած վերքը։
Հայաստանը վերածննդի շանս ունի, բայց դրա համար անհրաժեշտ է, որպեսզի այլաբանորեն «գլխատված» Արցախի փոխարեն՝ հայկականության համակարգի մյուս բաղադրիչների միջոցով նոր «գլուխներ» ձևավորվեն։ Հենց դրանով է պայմանավորված հայկականության, հայկական ինքնության դեմ սանձազերծված պայքարը, որի նպատակն է Հայոց պատմության, Հայ Առաքելական եկեղեցու, ինստիտուցիոնալ հիշողության ոչնչացմամբ բացառել ապագայում հայկականության ամրապնդման հնարավորությունը։
Այլաբանության ողբերգականությունը մեզ համար այն է, որ եթե այսօր իրականացվող քայլերը հասնեն իրենց նպատակին, ձևավորվելու է ադրբեջանաթուրքական բազմագլուխ Հիդրա, որի գլուխներից մեկի տեղը զբաղեցնելու երազանքով էլ Նիկոլ Փաշինյանն այրում է հայկական ինքնության բոլոր օջախները։
Հարություն Ավետիսյան