Թուրք Աքարի սպառնալիքն ու կացինը
Թուրքիայի պաշտպանության նախկին նախարար, ներկայումս Ազգային ժողովի պատգամավոր, Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Հուլուսի Աքարի այցը Բաքու և արած հայտարարությունները, լիովին վկայում են թուրք-ադրբեջանական տանդեմի, Հայաստանի և տարածաշրջանի նկատմամբ ունեցած իրական նպատակները և այն, որ Հայաստանի իշխանությունների հռչակած Խաղաղության դարաշրջանը, Խաղաղության խաչմերուկը և տարբեր խաղաղության նախաձեռնություններ իսպառ տապալված են։
Աքարը Բաքվում լրագրողների հետ զրույցում նշել է, թե Թուրքիան և Ադրբեջանը հետևում են «Մեկ ազգ երկու պետություն» նշանաբանին, իսկ 44-օրյա պատերազմից հետո շարունակում են փոխգործակցությունը «Մեկ բանակ, մեկ բռունցք և մեկ սիրտ» նշանաբանով։ Նա կոչ է արել Երևանին արագ ընդունել խաղաղություն կնքելու և տարածաշրջանում կայունության հասնելու Ադրբեջանի առաջարկը։ Ըստ Հուլուսի Աքարի՝ որոշ երկրներ ցանկանում են Հայաստանը տեսնել պռոքսի երկրի հագուստով։ «Եթե Հայաստանը հետևի նրանց ասածներին, ապա կարող է հայտնվել նույն աղետալի վիճակում ինչ 44-օրյա պատերազմի ժամանակ էր»,- հայտարարել է Աքարը։
Սպառնալիքներն այսքանով չեն ավարտվել, արդեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը, Հուլուսի Աքարը թուրքական հին ռազմիկների ավանդական կացին է նվիրել Իլհամ Ալիևին։ Խորհրդանշական այս ժեստը լիովին բացահայտում է թուրքական իշխանությունների և թուրքական ազգերի վերաբերմունքը խաղաղության նկատմամբ։
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանի գնահտմամբ՝ տապարի նվերը վկայում է, որ այդ ժպտացող արյունարբուները չեն հասկացել, չեն հասկանում և չեն հասկանալու խաղաղության լեզվով, քանզի միայն նման տապարով գլուխ էին կտրում և մարդ սպանում, ուստի ուղերձը չափից դուրս թափանցիկ է և հստակ։
Անահիտ Սողոմոնյան