Հռոմի ստատուտն ու Մոսկվայի «մեղմիկ» սպառնալիքը
Հայաստանը երեկ պաշտոնապես միացել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտին։ Հոկտեմբերի 3-ին Հայաստանի Ազգային ժողովը 60 կողմ ձայներով վավերացրեց աղմկահարույց ստատուտը, իսկ հոկտեմբերի 14-ին այն վավերացվեց նախագահի ստորագրությամբ։
Հռոմի ստատուտին կողմ քվեարկել են միայն իշխող «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորները։ Ընդդիմադիր երկու խորհրդարանական խմբակցությունները տևական ժամանակ փորձում էին հասկացնել Հայաստանի իշխանություններին, որ Հռոմի ստատուտի ընդունումը լրջագույն աշխարհաքաղաքական վտանգներ է իր մեջ պարունակում՝ հաշվի առնելով Միջազգային քրեական դատարանի կողմից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ հայտարարված հետախուզումը։ Ռուսական կողմն ինքն էլ մի քանի առիթով Հայաստանին նախազգուշացրել էր, որ Հռոմի ստատուտի վավերացումը դիտարկելու են որպես ոչ բարեկամական քայլ։
Երեկ Դմիտրի Պեսկովը չափազանց մեղմ է արձագանքել Միջազգային քրեական դատարանին՝ Հայաստանի անդամակցությանը, հայտարարել, թե դա Հայաստանի ինքնիշխան որոշումն է։ «Ռուսաստանի համար կարևոր է, որ բացասաբար չանդրադառնա Մոսկվայի և Երևանի հարաբերությունների վրա»,- նշել է Պեսկովը։
Հայկական կողմն, օրինակ, առաջարկել էր առանձին արձանագրություն ստորագրել Ռուսաստանի հետ՝ փարատելով Մոսկվայի բոլոր մտահոգությունները։ Ռուսաստանից այդ կապակցությամբ հաստատում չի ստացվել, սակայն, հաշվի առնելով Հռոմի ստատուտի վերաբերյալ Մոսկվայի չափազանց նյարդային արձագանքները, կարող ենք արձանագրել, որ սա ևս մեկ մեխ էր հայ-ռուսական հարաբերությունների վատթարացման տախտակին։
Աննա Պողոսյան