Սահմանազատման հանձնաժողովի նիստից 10 օր անց ոչինչ հայտնի չէ
Սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների վերջին 6-րդ հանդիպումից անցել է արդեն 10 օր, և հայկական կողմը շարունակում է որևէ տեղեկություն չհրապարակել հանդիպման փաստի վերաբերյալ։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը երեկ միայն երկու բառ է հայտարարել, թե աշխատակարգը հաստատել են և մնում են տեղեկատվական այն շրջանակներում, որը պաշտոնապես հրապարակվում է։ Հաջորդ հանդիպման մասով Գրիգորյանը նշել է, թե դեռ պայմանավորվածություն չունեն, բայց կարծում է, որ այն կկազմակերպեն մոտ ժամանակներում։ Այլ մանրամասներ փոխվարչապետը չի հայտնել։
Ի վերջո, հանձնաժողովների 6 հանդիպումների մասով հայկական կողմը չափազանց սուղ տեղեկություններ է տվել։ Զարմանալիորեն Ադրբեջանը ևս չափազանց քիչ ինֆորմացիա է տալիս՝ թերևս փորձելով բանակցային պրոցեսում հասնել սեփական ցանկալի նպատակներին։
Վերջին հանդիպմանը, ինչպես ավելի վաղ նշել էինք, հայկական կողմին լրջագույն պահանջներ են ներկայացրել։ Ադրբեջանը պահանջել է 8 անկլավները՝ հայտարարելով, որ հենց դրանք են ցանկանում, այլ ոչ թե որևէ այլ բան։ Թե ի՞նչ են պատասխանել հայկական կողմից, հայտնի չէ, բայց այն, որ այդ փաստը Հայաստանի գործող իշխանություններն ամեն գնով ծածուկ են պահում սեփական ժողովրդից, արդեն իսկ խոսում է փաշինյանական վարչախմբի տրամադրվածության մասին։
Ըստ էության, Հայաստանի գործող վարչախումբը պատրաստ է ցանկացած վատ զարգացումներին՝ կատարելու Ադրբեջանի և Թուրքիայի պահանջները, միայն, թե իրեն թողնեն մնալու իշխանության ղեկին։ Որևէ այլ պարագայում Հայաստանի գործող վարչախումբն այլ քայլ չի կատարելու։ Միակ մտավախությունը նոր ռազմական էսկալացիան է։
Փաշինյանը հասկանում է, որ Ադրբեջանի կողմից իրավիճակը սրելու դեպքում և Հայաստանի տարածքային ու մարդկային կորուստների դեպքում, այլևս անհնար է լինելու զսպել զայրացած հանրությանը և գործող իշխանություններին պարզապես դուրս են վռնդելու, դա լավագույն դեպքում, ուստի և ամեն գնով ձգտում են կասեցնել ռազմական էսկալացիան Հայաստանի Հանրապետության կենսական շահերի հաշվին։
Մանուկ Սաղաթելյան